Apple-ի արտադրանքի երկրպագուների շրջանում հայտնի վերլուծաբան Մինգ Չի Կուոն բացահայտել է Apple Car-ի մանրամասն բնութագրերը: Նա կրկնել է վերջերս տարածված այն լուրերը, որ էլեկտրամոբիլի արտադրության հիմնական գործընկերը Hyundai-ն կլինի, եւ շատ նոր տեղեկություններ է ավելացրել:

Օրինակ, Hyundai E-GMP պլատֆորմը կօգտագործվի որպես շասսի: Մեքենան 80%-ով կկարողանա լիցքավորվել 18 րոպեի ընթացքում, իսկ նրա հեռահարությունը կկազմի շուկայական միջինը՝ 480 կմ: Apple Car-ը պետք է վաճառքի հանվի 2025-ին, եթե ընկերությունը հաղթահարի մեքենան անընդմեջ գործարկելու չափազանց ծանրաբեռնված գրաֆիկը, հայտնում է HighTech + -ը:

Apple-ի գործունեությանը ուշադիր հետեւող 9to5Mac-ը կանխատեսում է, որ ընկերությունը իր էլեկտրական մեքենան կգործարկի 2025 թվականին: «Փորձից մենք գիտենք, որ նոր iPhone-ը առաջին բնութագրումից մինչեւ սերիական արտադրություն անցնում է 18-24 ամսվա ընթացքում»,- գրում է վերլուծաբան Մինգ Չի Կուոն: - Հաշվի առնելով զարգացման ավելի երկար ժամանակը, սերտիֆիկացման պահանջների ավելացումը, մատակարարման ավելի բարդ շղթան եւ մեքենաների վաճառքի ու հետվաճառքի սպասարկման շատ տարբեր ալիքներ, մենք կարծում ենք, որ Apple-ը, որը ավտոմեքենաների արտադրության փորձ չունի, պետք է ունենա շատ խիտ գրաֆիկ, եթե ընկերությունը ցանկանում է Apple Car-ը թողարկել 2025 թվականին»:

Կուոն նախազգուշացնում է նաեւ ժամկետների տեղափոխման հավանականության մասին։ Թե որքանով՝ դա կախված է նրանից որքան է ընկերությունը ցանկանում մեքենայի համար մշակել իր սեփական բաղադրիչները, այլ ոչ թե գնել պատրաստիները:

«Մենք կարծում ենք, որ Apple-ը կօգտագործի առկա ավտոարտադրողների ռեսուրսները եւ կկենտրոնանա ինքնուրույն ապարատային եւ ծրագրային ապահովման, կիսահաղորդիչների, մարտկոցների տեխնոլոգիայի, ձեւի եւ ներքին դիզայնի, օգտագործողի նորարարական փորձի եւ Apple-ի էկոլոգիական համակարգերի հետ ինտեգրման վրա»,- բացատրել է փորձագետը:

Եթե ընկերությունը ցանկանում է զրոյից զարգացնել բոլոր բաղադրիչները, իսկ դրանք մեքենայում 40-50 անգամ ավելի շատ են, քան սմարթֆոնում, եւ ստեղծել մատակարարման նոր շղթա, ապա Apple Car-ի հայտնվելու ժամկետը կլինի 2025 թվականից շատ ավելի ուշ եւ կթուլացնի մրցակցային առավելությունը։