Մինչ Կազանում կայանալիք հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Մոսկվայում կհանդիպեն թեյի շուրջ` նախապատրաստվելու համար կազանյան հանդիպմանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կանխատեսում արեց «Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով` նախագահների կազանյան հանդիպումը երկու կարեւոր ուղերձ է բովանդակում` առաջինն այն է, որ դա Ռուսաստանի հերթական նման նախաձեռնությունն է, եւ երկրորդը` միջնորդները փորձում են երկու երկրների նախագահների ստորագրությունն «ստանալ» ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանպարհի անհնարինության եւ այն բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին հերթական մեկէջանոց փաստաթղթղի տակ:
Փորձագետի խոսքով` այդ փաստաթուղթը միջնորդների կողմից կպատրաստվի հատուկ Ադրբեջանի համար, որը, Կիրակոսյանի կանխատեսմամբ, ինչպես նախկինում, կստորագրի այն եւ նույն հաջողությամբ էլ կխախտի: «Իսկ արդեն ավելի ուշ տարվա ընթացքում կողմերը կնստեն հիմնախնդրի կարգավորման հիմնարար փաստաթղթի շուրջ` Մադրիդյան սկզբունքների հիման վրա»,- հայտարարեց նա: Միաժամանակ փորձագետը նկատեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հաջողվում է, այնուամենայնիվ, միասնական կարծիք ունենալ երկու շատ կարեւոր հարցի շուրջ` ինչ խմել` թեյ, թե սուրճ եւ որտեղ դա անել:




























