News.am-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Երեւան այցելության վերաբերյալ զրուցել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հետ:
Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունը տարածաշրջան եւ մասնավորապես Երևան:
Ճիշտն ասած, գնալով գործընթացներն արագանում են, որովհետեւ, ակնհայտորեն, վերջնաժամկետներ կան սահմանված: Մասնավորապես, հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի առումով վերջնաժամկետը մինչեւ հոկտեմբեր ամիսն է, եւ պետք է փորձ արվի միջազգային հանրության ճնշումների տակ բացել հայ-թուրքական սահմանը, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա ֆուտբոլ դիտել: Դա իր հերթին արագացնում է ԼՂ խնդրի լուծումը, քանի որ Ալիևը նույնպես շտապում է և ցանկանում է մինչև այդ ժամկետը առաջընթաց արձանագրել հօգուտ Ադրբեջանի:
Այս կապակցությամբ, բնականաբար, Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան եւ նրանց ցանկությունը մեկն է. փորձել, այսպես ասած, «կլորանալ» բանակցային այս բազմափուլ գործընթացների արդյունքում եւ տեսնել, թե ինչ է հաջողվում ստորագրել համաձայնությունների առումով:
Մյուս կողմից ակնհայտ է, որ իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ եւ դա է պատճառը, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քայլերում դեմարշի տարրեր են նկատվում:
Կմասնավորեցնե՞ք, թե ինչ դեմարշի մասին է խոսքը:
Մասնավորապես, որպես դեմարշ Ռուսաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշման, Սերժ Սարգսյանը մեդալով պարգևատրեց Միխեիլլ Սահակաշվիլուն եւ այլոց շուրթերով հայտարարեց, թե ինքը շրջափակումից հանում է Վրաստանի նախագահին, որի պատճառն ու նախաձեռնողը Ռուսաստանն է:
Երկրորդ դեմարշը Կիպրոսի նախագահին Հայաստան հրավիրելն էր, բավական ցուցադրական եւ անբնական ընդունելության արժանացնելով ու ճանապարհելով, երրորդ դեմարշը, նույն այդ հանդիպման ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հոռետեսություն հայտնելը և չորրորդ դեմարշն այն էր, որ Ալիևի հարցազրույցին ի պատասխան Սերժ Սարգյանը նշեց, որ միևնույն է, Հայաստանի համար առանցքայինը մնում է ԼՂ կարգավիճակի որոշումը, այն դեպքում, երբ բանակցային գործընթացում նախնական պայմանավորվածությունների համաձայն, կարգավիճակը պետք է որոշվի հետագայում:
Իսկ ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ արդեն որերորդ անգամ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան գալով, չեն այցելում ԼՂՀ: Այդ տեսանկյունից, որքանո՞վ են իրական պնդումները, որ վաղ թե ուշ ԼՂՀ-ն կմիանա բանակցային գործընթացին, որպես լիիրավ կողմ:
Բայց եղանակն այդքան էլ վատ չի, ինչո՞ւ են հղում անում եղանակին: Ցավալին այն է, որ մեր պաշտոնական քարոզչամիջոցները հաճույքով հավատում են դրան եւ դա ներկայացնում են հասարակությանը, ինչը նշանակում է, որ այդ քարոզչամիջոցներին վերահսկող իշխանություններն են հավատում դրան, ուրեմն մեր իշխանությունները տեղով ռիսկային են:
Մյուս կողմից, մենք այնքան հակադարձող ենք դարձել իրավիճակին ու իրադարձություններին, որ շարունակում ենք պարել անգամ ադրբեջանական մուղամի տակ: Եվ այդ մուղամի բաղկացուցիչն այն է, որ ադրբեջանցիները սաստիկ զայրանում են, երբ Մինսկի խմբի համանախագահները անգամ սիմվոլիկ այց են կատարում Ստեփանակերտ եւ դրանով, կարծեք թե, ցույց են տալիս, որ Ղարաբաղն առանձին կողմ ու առանձին միավոր է: Եվ որպեսզի պարոն Ալիևը սաստիկ չզայրանա, բավարարվել է Ադրբեջանի նաև այս մի քմահաճույքը` եղանակային անբարենպաստ պայմանների վկայակոչմամբ:
Այսինքն միջնորդների նման պահվածքը մեզ ավելի չի՞ հեռացնում ԼՂՀ-ն բանակցային կողմ տեսնելու հեռանկարից:
Ղարաբաղը դեռ շատ վաղուցվանից` 1998 թվականից դարձել է Ռոբերտ Քոչարյան-Վարդան Օսկանյան դուետի արկածախնդրության զոհը եւ դուրս է մղվել բանակցային գործընթացից: Հիմա այդ ծուղակից դուրս չի եկել նաեւ Սարգսյան-Նալբանդյան զույգը:
Արթուր Վահանյան



















