Վաղը Երեւանը նշում է իր 2791-րդ ամյակը ու թեեւ այն հոբելյանական չէ, սակայն տոնական միջոցառումներն այս տարի աննախադեպ շատ են լինելու: Շատերը կարծում են, որ սրա պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են շեղել երեւանցիներին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից եւ դրա հետ կապված զարգացումներից:

Ըստ տոնական ծրագրի` վաղ առավոտյան կլվացվեն մայրաքաղաքի փողոցներն ու արձանները, փոքր կենտրոնում կդադարեցվի երթևեկությունը: Առավոտից սրճարաններում կհնչեն Երևանին նվիրված երգեր: Տոնական նախապատրաստություններից հետո կմեկնարկի շքերթը, որը քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ քաղաքապետարանից Գրիգոր Լուսավորչի փողոցով կընթանա դեպի Մաշտոցի պողոտա, ապա Ամիրյան փողոցով` Հանրապետության հրապարակ:

Էրեբունի բերդաքաղաքի մոտ քաղաքի հիմնադրման ներկայացումից հետո դերասաններից կազմված արքայական երթը կընթանա մայրաքաղաքի էրեբունի, ապա` Արցախի փողոցներով ու Տիգրան Մեծի պողոտայով: «Այրարատ» կինոթատրոնի մոտ երթը կանգ կառնի` կրկին ներկայացնելու պատմական օրվա եղելությունները: Այնուհետև արքայական շքախումբը կշարժվի Հանրապետության հրապարակ` միանալու տոնակատարության մասնակիցներին:

Ըստ «Էրեբունի-Երևան» տոնակատարության կազմկոմիտեի, շքերթից հետո Մաշտոցի պողոտան կվերածվի մարզական հրապարակի, կանցկացվի վազքի մրցույթ, որի երկարությունը կհամապատասխանի այդ օրվա խորհրդանշական` 2791 թվին: Կարապի լճում տեղի կունենա վինդսերֆինգի մրցույթ, կլինի նաև ազգային կոխի ցուցադրական մրցույթ: Պարաօլիմպիական խաղերի մասնակիցները կցուցադրեն մարզական վարպետությունը, կկազմակերպվի նաև հեծանվավազքի մրցույթ:

Հյուսիսային պողոտան կվերածվի «Վարպետաց քաղաքի»: Բաց երկնքի տակ բացված արհեստանոցներում վարպետները կավից քանդակներ կպատրաստեն, նկարիչները օրվա տոնական մթնոլորտը կհանձնեն կտավներին: Դրանից զատ, փոքր կենտրոնի զբոսայգիները կվերածվեն բաց համերգասրահների: Ջազի սիրահարների համար համերգ կլինի «Առագաստ» սրճարանի մոտ: «Մոսկվա» կինոթատրոնին հարակից հատվածում կիշխի ռոք երաժշտությունը: Սարյանի այգին այդ օրը կտրամադրվի հեղինակային երգերի կատարողներին, իսկ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմացի այգում կհնչի դասական երաժշտությունը: Ստեփան Շահումյանի արձանին հարակից հատվածում ելույթ կունենան էստրադայի աստղերը, իսկ Անգլիական այգին կտրամադրվի երևանցի և արտասահմանից ժամանած դիջեյներին. վերջիններս խոստանում են այգում իսկական պարային մթնոլորտ ստեղծել: Երեկոյան ժամը 22-ին կլինի տոնական հրավառություն, որը կկատարվի Երևանի միաժամանակ մոտ 20 վայրից:

Վաղ առավոտից փոքր կենտրոնում կդադարեցվի երթևեկությունը: Շուրջ 16 փողոց է փակվելու դեպի կենտրոնի ուղղությամբ: Սակայն այդ փողոցները շրջանցելու համար ընտրվել են Պարոնյան, Պռոշյան, Բաղրամյան, Նար Դոս, Չարենց, Հերացի փողոցները: Փոխարենը Երևանի մետրոպոլիտենը աշխատելու է մինչև գիշերվա ժամը 2:00-ը: Իսկ մետրոպոլիտենի հարակից հատվածներից աշխատելու են լրացուցիչ շարժակազմեր` ուշ ժամերին բնակչության փոխադրման համար: