«Քայլողները» իշխանության եկան սոցիալական ցանցերի միջոցով եւ իրենց վարկանիշը չափում են սոցիալական ցանցերի միջոցով, ուստի ցանկանում են մենաշնորհ ունենալ այնտեղ: Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեդիա փաստաբան» նախագծի ղեկավար Սերգեյ Չամանյանը:

Նա պարզաբանեց, որ դա վերաբերում է նաեւ վարչապետի աթոռին նստած մարդուն, ով ցանկանում է միակը լինել, ով կարող է անհասցե մեղադրանքներ հնչեցնել եւ պիտակավորել մարդկանց:

Քանի որ իշխանությունները կորցնում են իրենց դիրքերը սոցիալական ցանցերում, ապա, փորձագետի խոսքով, նրանք փորձում են հարվածել սոցիալական ցանցերին, որոնք չեն կարող վերահսկել, օրինակ` սկանդալային տեղեկատվություն հրապարակող Telegram ալիքներին, ինչը հարվածում է նրանց օրինականությանը: «Եթե օրինագիծն ընդունվի, հեղինակային Telegram ալիքներն անանուն կդառնան, կեղծ տեղեկատվության քանակը կավելանա, եւ այն ալիքները, որոնք չեն թաքնվելու, կվերանան: Օրենքը կխոչընդոտի փոքր լրատվամիջոցների զարգացմանը եւ կամրապնդի արդեն կայացած կազմակերպությունների դիրքերը: Ինչ վերաբերում է հեռուստաալիքներին, ապա դրանք, ըստ էության, կկարողանան թողարկել միայն այն տեղեկատվություն, որը փաստաթղթավորված է կամ ստորագրված ինչ-որ պաշտոնյայի կողմից: Այսպիսով, լրատվամիջոցները կարող են կորցնել առաջնային աղբյուրի առավելությունը: Օրենքն աշխատում է ոչ թե քաղաքացու, այլ իշխող ուժի վրա: Այսինքն` մենք եւս մի քայլ կանենք դեպի բռնապետություն տանող ճանապարհին»,- ասաց Չամանյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ մնացած հեռուստաընկերություններին հարված դարձավ նաեւ գովազդ տեղադրելու իրավունքի տրամադրումը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը:

Փորձագետը հիշեցրեց, որ նախորդ տարի հարուցվել էր ավելի քան 60 վարչական գործ, երբ իշխանությունները դատի են տվել զրպարտության, կեղծ տեղեկատվության տարածման եւ վիրավորանքների համար, սակայն միայն 20-ի դեպքում է վճիռ կայացվել նրանց օգտին: Սակայն երբ լրագրողները եւ լրատվամիջոցները ժամանակ են ծախսում դատավարությունների վրա, դա նրանց ստիպում է զգույշ տարածել տեղեկատվությունը կամ ընդհանրապես չտարածել այն:

«Մենք տեսնում ենք, որ լրագրողների իրավունքները համատարած ոտնահարվում են, սակայն լրագրողական համայնքը, չգիտես ինչու, լռում է, լռում են այն կազմակերպությունները, որոնք կոչված են պաշտպանել լրատվամիջոցների շահերը, խոսքի ազատությունը, քաղաքացիների շահերը տեղեկատվական դաշտում: Կոչ եմ անում լրագրողական համայնքին, որը կայացածներից մեկն է Հայաստանում, միասնական ճակատով հանդես գալ այս միջոցառումների դեմ: Ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմի փորձը Ղարաբաղում, քաղաքացիներին պետք է սովորեցնել աշխատել տեղեկատվության հետ եւ տարբերել սուտը ճշմարտությունից»,- եզրափակեց Սերգեյ Չամանյանը:

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են օրենսդրորեն արգելել լրատվամիջոցներին հղում նաել անանուն աղբյուրներին: