ԱՄՆ-ում տարեց մարդկանց եւ հաշմանդմաների բժշկական ապահովագրության ոլորտում խարդախության գործի լսումները կսկսվեն հունիսի 21-ին Արեւմտյան Վիրջինիայի դատարանում:
Գործով անցնում են Ռուսաստանի քաղաքացիներ Իգոր Շեւչուկն ու Արսեն Բեջանյանը եւ Հայաստանի քաղաքացի Սարգիս Թադեւոսյանը: Քննության տվյալններով, նրանք գրանցել են մի քանի ֆիկտիվ ընկերություններ, որոնք Medicare դաշնային ծրագրով նախատեսված բժշկական ապահովագրության մոտ 3 միլիոն դոլարի վճարումների ստացման հայտ են ներկայացրել:
Նահանգային ոստիկանության եւ ԱՄՆ Գաղտնի ծառայության հետաքննությունը սկսվել էր անցած տարվա ապրիլին: Երեք մեղադրյալները ձերբակալվեցին մայիսի սկզբին: Ավելի վաղ դատավորը մերժեց գրավի դիմաց նրանց բաց թողնելու խնդրանքը` կասկած հայտնելով, որ նրանք կլքեն ԱՄՆ-ն:
Հունիսի 21-ին կայանալիք դատական նիստում կասկածյալները կծանոթանան մեղադրանքներին, իսկ Թադեւոսյանին նաեւ խոսք կտրվի: Թադեւոսյանը դիմել է իր խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշենք, որ ԱՄՆ Մանհեթենի դաշնային դատարանում հունիսի 7-ին 47-ամյա հայազգի քրեական հեղինակություն, «Պզո» մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանը գործարք է կնքել մեղադրող կողմի հետ։ Բժշկական ապահովագրության ոլորտում 160 մլն դոլարի հասնող խարդախության մեջ մեղադրվող Արմեն Ղազարյանին ցմահ բանտարկություն էր սպառնում։ Ըստ մեղադրող կողմի՝ Ղազարյանը խարդախությամբ զբաղվող հանցավոր խմբի ղեկավարն է։
Ղազարյանը իրեն մեղավոր է ճանաչել տարբեր մանր հանցագործությունների մեղադրանքներում, եւ դաշնային դատարանի դատավոր Փոլ Գարդաֆեին ասել, թե ինքն իսկապես հանցավոր համաձայնության մեջ ներգրավված է եղել։ Այս խոստովանության համար, դատավորը խոստացել է մեղադրյալին դատապարտել «մինչեւ 37 ամիս» ազատազրկման, եթե Ղազարյանը չդիմի վճռի բեկանման։ Դատարանի նիստը տեւել է 20 րոպե, սակայն դատավորի փոխանցմամբ, Ղազարյանն իր մեղքը հստակորեն չի ճանաչել։ Այդ պատճառով պաշտպանող եւ մեղադրող կողմերին եւս մեկ շաբաթ ժամանակ է տրվել մեղադրանքի հստակեցման համար։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Արմեն Ղազարյանին մերժել էին գրավի դիմաց ազատ արձակելու խնդրանքը: Նշենք նաեւ, որ Ղազարայնը վարում է 350 հազար դոլար արժողությամբ «Ռոլլս-Ռոյս Ֆանտոմ», Կալիֆորնիայում ունի 600 հազար դոլարանոց տուն, առնվազն մեկ միլիոն դոլար է տանուլ տվել Լաս Վեգասում, շատ ճանապարհորդում է, սակայն պնդում է, որ զբաղվում է օգտագործած ավտոմեքենաների վաճառքով եւ ամսական եկամուտը 1500 դոլար է:




























