«Մելտեքս» ՍՊԸ-ն դեռեւս պաշտոնապես չի տեղեկացել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` նախօրեին կայացած նիստում «Ա1+»-ի վերաբերյալ որոշմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրադատարանում «Ա1+»-ի գործով փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: Մինչդեռ` Եվրադատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը NEWS.am-ին հայտնել էր, որ նախարարների կոմիտեն, հիմնվելով Հայաստանի կառավարության զեկույցի վրա, եկել է վերջնական եզրակացության, ըստ որի`ՀՀ կառավարությունը լիովին կատարել է «Ա1+»-ի վերաբերյալ Եվրադատարանի որոշումը:
Բոլոր դեպքերում, Տիգրան Տեր-Եսայանը մեկնաբանեց կայացված որոշումը` նշելով. «Մինչ այժմ Կառավարությունը պնդում էր, որ կատարել է դատարանի որոշման կետերից մեկը` ֆինանսական փոխհատուցում է վճարել: Սակայն մենք պնդում ենք, որ միայն ֆինանսական փոխհատուցումը չի կարելի համարել Եվրադատարանի որոշման կատարում: Պետք է կյանքի կոչվի նաեւ հեռուստաընկերության` եթեր վերադառնալու իրավունքը»,-նշեց փաստաբանը:
Նա նաեւ չբացառեց, որ նախարարների կոմիտեի կայացրած որոշման մեջ հնարավոր է հղում է կատարվել 2010 թվականի հոկտեմբերին ՀՌԱՀ –ի կողմից անցկացված մրցույթին: «Այստեղ մի նրբություն կա. եթե այդ մրցույթի անցկացումը Կառավարությունը համարում է որպես դատարանի որոշման պահանջի կատարում եւ դա նախարարների կոմիտեն համարել է որպես Եվրադատարանի որոշման կայացում, ապա այդ մասով գուցե կարելի է Կոմիտեի որոշումը տրամաբանական համարել»,-նշեց Տեր-Եսայանը:
Նա նաեւ հավելեց, որ հիշյալ որոշման մասին ավելի հանգամանալից մեկնաբանությամբ հանդես կգա, երբ կուսումնասիրի այն:
Նշենք, որ 2008թ. Եվրադատարանը որոշում էր կայացրել, ըստ որի` Հայաստանում խախտվել են «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքները, մասնավորապես մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը խոսքի ազատության մասին, քանի որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պատշաճ կարգով չի հիմնավորել «Ա1+»-ի հեռարձակման զրկումը:
Հեռուստաալիքը զրկվել էր եթերից 2002թ. ապրիլի 2-ին` պարտվելով 37-րդ կապուղու մրցույթը: Դրանից հետո «Ա1+»-ը բազմիցս մասնակցել է մրցույթներին, բայց ապարդյուն:




























