Բուրսայում տեղի ունենալիք Թուրքիա-Հայաստան խաղի մուտքի տոմսերը անվճար են լինելու, իսկ մարզադաշտում ադրբեջանական դրոշ խստիվ արգելվելու է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ajanspor կայքէջը։
Բուրսայի նահանգապետ Շահաբեդին Հարփութը նշել է, որ հոկտեմբերի 14-ի Թուրքիա-Հայաստան խաղի մուտքի տոմսերը ամենայն հավանականությամբ անվճար կբաժանվեն։ "Խաղի ժամանակ անվտանգությունը կապահովեն 3000 ոստիկան։ Մարզադաշտում կարգելվի նաեւ ադրբեջանական դրոշ օգտագործել, քանի որ սա մրցախաղ է, ոչ թե թուրք-ադրբեջանական դաշինք ինչ որ բանի դեմ։ Այդ պատճառով խստիվ արգելվելու է ադրբեջանական դրոշ մտցնել Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտ։ Հարփութը հայտնել է, որ ինքը տեղյակ է, թե Թուրքիայում ապրող հայերը ցանկանում են ներկա լինել խաղին եւ նշել է, որ նման ցանկություն ունեցողները կարող են ժամանել Բուրսա, քանի որ ֆուտբոլը մրցախաղ է եւ բաց է բոլորի առաջ։




























