Կրեմլը հաստատել է Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 12-ին Մոսկվա կատարելիք այցի մասին տեղեկությունը։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, այցը կկայանա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՀՀ նախագահի այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկումներ տեղի կունենան այսօր Շվեյցարիայում կայանալիք հայ-թուրքական արձանագրությունների շուրջ։ Այլ հարցերի շարքում կողմերը կշոշափեն նաեւ Հարավային Կովկասում առկա քաղաքական իրավիճակը։
Հարկ է հիշեցնել, որ համահայկական ուղեւորության շրջանակներում Սերժ Սարգսյանն օրերս եղավ Դոնի Ռոստովում, որտեղ Ռուսաստանի հայ համայնքի նեկայացուցիչների հետ քննարկեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հեռանկարները. հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ զարգացնել երկկողմ համագործակցությունը։
Պատասխանելով այն տեսակետին, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կբերի Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական համագործակցության կորուստների, ՀՀ ղեկավարը մասնավորապես հայտարարել է. «Այդ մտքերն անհիմն են, դրանք տեղեկացված չլինելու արդյունք են եւ հաճախ մատուցվում են իբրեւ վերլուծական մտքի արգասիք»։
"Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը արագ տեմպերով է զարգանում, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։ Իսկ մոտ ապագայում դուք ականատեսը կլինեք այնպիսի զարգացումների, որոնք կցրեն անգամ ամենաթերահավատների կասկածները ",- ասել է Սերժ Սարգսյանը։




























