Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, ՀՀՇ անդամ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման պահանջով հացադուլ հայտարարածների թիվը հասել է 4-ի: Մասնավորապես, հացադուլ հայտարարած ՀՀՇ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Կարապետյանին երեկ միացել են Առաքել Սեմերջյանը, Նարեկ Այվազյանը և Արայիկ Միրզոյանը: Կալանավորված Տիգրան Առաքելյանը եւս հուլիսի 5-ից հացադուլ է հայտարարել:

Տ. Առաքելյանը ձերբակալվել հուլիսի 5-ին, իսկ երեկ արդեն 2 ամսով կալանավորվել է: Հիշեցնենք, որ հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են երիտասարդների, այդ թվում Տ. Առաքելյանի վրա ու ծեծի ենթարկել նրանց, որի արդյունքում մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց: Դրանից հետո ոստիկանությունը հայտարարել է, որ այդ քաղաքացիական հագուստով անձինք ոստիկաններ են եղել եւ իբր երիտասարդներն են նրանց ծեծի ենթարկել: Ներկայումս հացադուլավոր երիտասարդները պատրաստվում են դիմել նաեւ ՀՀ-ում գտնվող դեսպանատներին:

Նշենք նաեւ, որ երեկ ցանկացել են հացադուլավորներին միանալ նաեւ երկու անչափահաս երիտասարդներ, սակայն նրանց ավագ ընկերները դա արգելել են: