Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներում աշխատում է գրեթե 7 հազար աշխատակից: Եվ հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս է լուծվելու այդ ԳՀԻ-ների կարգավիճակի հարցը: Այս մասին փետրվարի 10-ին Ազգային ժողովի նիստում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի եւ կից 22 օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանին:
Խորհրդարանականի խոսքով՝ այդ հաստատություններում առանց այն էլ միջին աշխատավարձը բավականին ցածր է եւ կազմում է շուրջ 100 հազար դրամ: Դրանից բացի, պատգամավորը նշեց, որ կարեւոր խնդիր է երկրի բուհերում ակադեմիական միջավայրի պահպանումը: «Մենք այդ ակադեմիական միջավայրը կորցնում ենք: Ինչպիսի՞ շրջանակն է դառնալու ակադեմիական: Դուք խոսում եք վարչական շրջանակի մասին, բայց դա ի՞նչ է: Մենք ամբիոնի վարիչին կզրկենք ամբողջ ծավալով աշխատելու հնարավորությունից»,- վրդովվեց Մելքումյանը:
Ի պատասխան Դումանյանը նշեց, որ պատգամավորի հետ լիովին համաձայն է այն հարցում, որ բուհերում պետք է ստեղծվի ակադեմիական միջավայր: «Ինչ վերաբերում է Գիտությունների ազգային ակադեմիային, ապա այս դեպքում ինստիտուտներն ավելի անկախ են դառնում: Գիտական հաստատությունների հետ որեւիցե խնդիր չկա, եւ սա շատ լավ է: Ֆինանսավորումն ուղղակի է ստացվելու, եւ այդ գումարները միանգամից մուտք կարվեն ինստիտուտ: Ինչ վերաբերում է ղեկավարությանը, ապա այն, ըստ էության, մնում է, սակայն այլեւս չի կարողանա միջամտել վարչա-ֆինանսական գործերին»,- պարզաբանեց նախարարը:
Դրանից բացի, ԿԳՄՍ նախարարը նշեց, որ օրենքը ակադեմիական ինստիտուտին թույլ կտա ցանցեր ստեղծել: Այդ ցանցերը կկարողանան համակարգող խորհուրդ ստեղծել, որին թույլ կտան մասնակցել նաեւ ԳԱԱ նախագահության անդամներին:




























