NEWS.am-ի հարցազրույցը «Սթար» առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի հետ:
Պրն. Քերոբյան, ինչպե՞ս եք գնահատում ՏՄՊՊՀ-ի կողմից վերջերս կայացած որոշումը` խոշոր առեւտրային ցանցերին գերիշխող ճանաչելու, եւ նրանց նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ:
Ակնհայտ էր, որ նոր օրենքի ընդունումից հետո սուպերմարկետները կհամարվեն գերիշխող դիրք ունեցող: Դրանում որեւէ կասկած կամ երկմտանք չկար: Այլ հարց է, թե տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նոր օրենքով իրեն տրված լիազորություններն ինչպես կօգտագործի: Կարծում եմ, հաշվի առնելով առկա մրցակցային իրավիճակը, հանձնաժողովին լրացուցիչ լիազորությունների տրամադրումը միայն կհարթեցնի մրցակցային դաշտը: Այս պահին, եթե գնահատենք զուտ մանրածախ առեւտուրը, կարող եմ ասել, որ մեր հիմնական մրցակիցները որոշ ոչ մրցակցային առավելություններ ունեն մեր նկատմամբ` ներմուծման մենաշնորհների տեսքով:
Ձեր կարծիքով. սուպերմարկետները կարո՞ղ են գին թելադրել:
Այո, մի շարք ապրանքատեսակների մասով սուպերմարկետները գին թելադրում են: Բայց սովորաբար մենք թելադրում ենք ոչ թե բարձր գին, այլ ցածր գին: Լինելով ավելի արդյունավետ, քան փոքր եւ միջին խանութները, կարողանում ենք ցածր գին թելադրել` ինչպես ներմուծվող, այնպես էլ տեղական արտադրության ապրանքների մասով:
Ինչպե՞ս է ստացվում, որ սուպերմարկետները գրավելով մեծ տարածքներ, ունենալով աշխատակիցների ավելի մեծ ապարատ, բազմաթիվ օժանդակ ծառայություններ` գնային առումով ավելի ճկուն են, քան փոքր խանութները:
Ողջ աշխարհում էլ սուպերմարկետներն ավելի արդյունավետ են աշխատում: Մեր ծախսերն իրականում ավելի քիչ են, քան փոքր խանութներինը, եթե համադրենք շրջանառության հետ:
Վերջին ամիսների ընթացքում բարձր գնաճ է արձանագրվում: Ինչպիսի՞ն է հիմա իրավիճակը:
Ներկայում իրավիճակն ավելի կայուն է: Տարեսկզբի ամենամսյա ակնհայտ գնաճը չկա, բայց իրավիճակը դեռեւս լարված է մնում: Մենք մի փոքր հետազոտություն ենք արել` հասկանալու համար թե գնագոյացումն ինչպես է կատարվում, հատկապես` առաջին անհրաժեշտության ապրանքների մասով: Տեսնում ենք, որ բավական մեծ պոտենցիալ կա գներն իջեցնելու, եթե հանվեն ավելորդ ծախսերը (փաթեթավորում, միջնորդական ծախսեր):
Դեռեւս պարզ չէ, թե Ռուսաստանում եւ գյուղատնտեսական հիմնական երկրներում ինչպիսի բերք կլինի: Ներքին շուկայում որոշ գյուղմթերքների գները կմնան պրոբլեմային: Առաջին հերթին դա ծիրանն է, որի բերքն այս տարի բարձր չէ: Բայց բանջարեղենի մասով իրավիճակն ավելի լավ կլինի:
Անցյալ տարի ռեկորդներ սահմանվեցին հնդկաձավարի, բրնձի, կարագի եւ մի շարք այլ պարենային ապրանքների մասով: Հույս կա՞, որ այս տարի դրանց գները կնվազեն:
Բրինձը հիմա էլ վատ գին չունի: Թաիլանդական եւ պակիստանյան բրինձը 300-400 դրամի միջակայքում է, որը մի քանի տարվա կտրվածքով նորմալ է: Հնդկաձավարի գները նույնպես սկսել են նվազել, առաջիկա կես տարում կիջնի 600-700 դրամ մակարդակին, ներկայիս 800-900 դրամի փոխարեն: Համենայնդեպս` աճի միտում չի սպասվում:
Վերջերս Եվրոպայում բանջարեղենային խուճապ է սկսվել: Մարդիկ զանգվածաբար հրաժարվում են բանջարեղեն գնել: Ձեր ցանցում վաճառվո՞ւմ են եվրոպական արտադրության գյուղմթերքներ:
Ձմեռային սեզոնի ընթացքում ներմուծված գյուղմթերքներ ունենում ենք, բայց մարտ-նոյեմբեր ամիսներին շուկան ամբողջովին բավարարվում է ներքին արտադրության հաշվին: Ձմռանը հիմնականում ներմուծվում է բանջարեղեն, բայց այն համապատասխան սերտիֆիկացում է անցնում: Իսպանիայից ներմուծվում է լոլիկ եւ վարունգ, Չինաստանից` սխտոր, Թուրքիայից եւ Իրանից` սոխ եւ այլ բանջարեղեն: Բոլոր այդ դեպքերում մենք պահանջում ենք համապատասխան սերտիֆիկատներ: Նշեմ, որ մեր ժողովուրդը շատ ավելի սառնասիրտ է, քան Եվրոպայում, ու այդպես արագ խուճապի չի մատնվում: Թեեւ սննդամթերքի վտանգ էլ չի եղել:
Զրուցեց` Սամվել Ավագյանը




























