ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը եւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ժամանել են Ցյուրիխի համալսարան, որտեղ պետք է կայանա օգոստոսի 31-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, փաստաթղթերը ստորագրվելու են առաջիկա կես ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ արարողությունը հետաձգվել էր ամփոփիչ հայտարարության կապակցությամբ կողմերի տարաձայնությունների պատճառով: Կատարվածի վերաբերյալ հակասական տեղեկություններ էին ստացվում: ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Իան Քելլին հայտարարել էր, թե ամերիկյան կողմը աջակցել է կողմերին համաձայնության գալ հայտարարության վերաբերյալ: Միեւնույն ժամանակ CNN Turk-ը հաղորդել էր, որ թուրքական կողմը փորձել է փոփոխություններ մտցնել նախաստորագրված արձանագրությունների մեջ, ինչին ընդդիմացել են հայ դիվանագետները:

Թուրքական Zaman թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրների վրա, նշել էր, որ թուքական կողմի ամփոիչ հայտարարության տեքստում ձեւակերպում կար, որտեղ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղին: Հայկական կողմն ընդվզել է: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայկական կողմի հետ բանակցություններից հետո ստացել է թուրքական կողմի հայտարարության փոփոխված տարբերակը: