Ավստրալիայի հյուսիս-արեւմտյան ափին գտնվող քարանձավներից մեկում գիտնականները գտել են մայրցամաքի աբորիգենների ամենահին ժայռապատկերը՝ 17,1-17,5 հազար տարեկան կենգուրուի երկմետրանոց պատկերը, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Nature Human Behavior գիտական ամսագրին։
Համարվում է, որ առաջին մարդիկ Ավստրալիա են հասել մոտ 50 հազար տարի առաջ: Այն ժամանակ ծովի մակարդակը մի քանի տասնյակ մետրով ցածր էր այժմյանից, ուստի հին մարդիկ կարող էին բնակություն հաստատել ժամանակակից Զոնդայի կղզիների, Նոր Գվինեայի եւ Ավստրալիայի ողջ տարածքում՝ տեղափոխվելով ցամաքային կամ ծանծաղ ջրերով:
Դրանից հետո կղզիների եւ մայրցամաքների ցամաքային «կամուրջները» հեղեղվել են ջրով: Հետեւաբար, շատ դժվար է ուսումնասիրել ավստրալիական աբորիգենների առաջին բնակավայրերի հետքերը՝ նրանց մեծ մասը ենթադրաբար գտնվում է ջրի տակ:





























