Ամերիկացիները, որոնք որպես լուրերի հիմնական աղբյուր ապավինում են սոցցանցերին, ավելի հավանական է, որ ապատեղեկատվություն կամ չհիմնավորված պատմություններ ստանան այնպիսի կարեւոր թեմաների շուրջ, ինչպիսիք են քաղաքականությունը եւ Covid-19-ը:

Pew Research Center հետազոտական կենտրոնի զեկույցը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք լուրեր ստանալու համար օգտվում են սոցիալական պլատֆորմներից, ավելի քիչ են տեղեկացված հիմնական թեմաների մասին եւ ավելի ընկալունակ են ասեկոսեների ու խաբեությունների նկատմամբ:

Զեկույցում նշվում է, որ սոցցանցերի պլատֆորմները դառնում են նորությունների ավելի ու ավելի տարածված աղբյուր: Հարցվածների շուրջ 18 տոկոսը քաղաքական լուրերի մեծ մասը ստացել է սոցցանցերի միջոցով: Բայց այդ մարդիկ ավելի քիչ հավանականություն ունեն ճիշտ պատասխանելու քաղաքականության եւ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ փաստերի վրա հիմնված հարցերին, քան նրանք, ովքեր ապավինում են տպագիր, հեռարձակվող կամ լրատվական հավելվածներին:

Ըստ հարցման արդյունքների՝ սոցցանցերի միջոցով նորությունների սպառողները ավելի շատ տեղյակ էին կորոնավիրուսի մասին կեղծ կամ չապացուցված պատմությունների եւ ասում էին, որ ավելի շատ ապատեղեկատվություն են տեսնում համաճարակի վերաբերյալ, ինչպիսիք են պնդումները, որ C վիտամինը կարող է կանխել վարակումը:

Սոցցանցերի օգտատերերը քաղաքական նորությունների առումով քիչ տեղեկացված էին այնպիսի փաստերի մասին, ինչպիսին են ընտրիչների կոլեգիայի քվեարկության գործառույթը, որը վերջնարդյունքում որոշում  է, թե ով է հաղթելու Սպիտակ տանը, կամ գործազրկության մակարդակը:

Հետազոտությունը հիմնված է 2019 թվականի նոյեմբերից մինչեւ 2020 թվականի դեկտեմբեր շուրջ 9000 չափահաս ամերիկացիների շրջանում անցկացված հարցման վրա:

Հարցման մասնակիցների մեծամասնությունը հայտարարել է, որ չի վստահում սոցցանցերին, իսկ Facebook-ը համարում է ամենաքիչ վստահություն հարուցող: