Վրաստան հովվապետական այցի ընթացքում, հունիսի 12-ին, Հոգեգալստյան տոնին, Գարեգին Բ կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ մեկնել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ եկեղեցու վերաօծման արարողությունը Գարեգին Բ-ի նախագահությամբ կատարվել է Եկեղեցու հարեւանությամբ կառուցված «Հայարտուն» կենտրոնի բացումը: Հովհաննես Թումանյանի կողմից 1921-ին հիմնադրված նշանավոր «Հայարտուն» կենտրոնը 1940-ականներին դադարել էր գործելուց: Սակայն 2011-ին Վիրահայոց թեմը հիմնադրել է համանուն կենտրոն` բարերարությամբ ռուսաստանաբնակ գործարար Բորիս Սահակովի եւ աջակցությամբ վրացահայ գործարարների:
Կենտրոնի բացման առիթով Թբիլիսիի հայ համայնքին շնորհավորել են Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան եւ Երեւանի քաղաքապետը:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գեւորգ) եկեղեցին կառուցվել է 1805թ. հայ հասարակության ծախսերով: Հիմնադրումից ի վեր այն բազմիցս վերակառուցվել եւ նորոգվել է: Փլուզման ենթակա եկեղեցին վերջին անգամ հիմնանորոգվել է 2006-2010թթ:
Օծման արարողությունից հետո Գարեգին Բ-ն Հայ եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով պարգեւատրել է «Հայարտուն» կենտրոնի բարերար Բորիս Սահակովին` գնահատելով նրա եկեղեցասեր եւ ազգանվեր գործունեությունը:
Հովվապետական այցի առիթով Հայոց կաթողիկոսը օրհնության գրեր է շնորհել մշակույթի անվանի գործիչներ Գիվի Շահնազարին եւ Անահիտ Բոստանջյանին, ինչպես նաեւ գործարարներ Սամվել Աղեկյանին, Ռաֆիկ Աղաջանյանին, Արամ Սիմոնյանին եւ Նելսոն Պետրոսյանին:




























