Աշխարհում էկոլոգիապես ամենամաքուր էլեկտրամոբիլներ, ինչպես նաեւ առաջավոր բջջային լուծումներ մշակող Fisker-ն այսօր հայտարարել է Hon Hai Technology Group-ի (Foxconn) հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասին, որն աջակցում է էլեկտրամոբիլների մշակման նախագծին: Այս մասին հաղորդվում է Foxconn ընկերության կայքում:
«Fisker-ը նախատեսում է իր առաջին ավտոմեքենայի՝ Ocean էլեկտրական ամենագնացի արտադրությունը սկսել 2022 թվականի չորրորդ եռամսյակում:
Ocean-ի հանդեպ հետաքրքրությունը շարունակում է աճել հուսադրող տեմպերով, այսօրվա դրությամբ աշխարհում կա ավելի քան 12 հազար պատվեր:
Fisker-ը ծրագրում է Ocean-ի սերիական նախատիպը ներկայացնել այս տարի ավելի ուշ:
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրելուց հետո Fisker-ի եւ Foxconn-ի թիմերը կստեղծեն աշխատանքի մի քանի ուղղություններ՝ կենտրոնացած նախագծման, տեխնոլոգիաների, ինժեներիայի եւ արտադրության վրա: Զարգացման արագ ժամանակացույցի պատճառով երկու ընկերությունն էլ նախատեսում են բանակցություններն ավարտել եւ գործընկերության մասին պաշտոնական համաձայնագիր կնքել 2021 թվականի երկրորդ եռամսյակում»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:





























