Հայաստանի իրավապահ համակարգի երկու ներկայացուցիչներ մասնակցել են Իսրայելում մայիսի 24-ից հունիսի 12-ը կայացած «Ոստիկանությունն ու հասարակությունը» թեմայով երկրորդ միջազգային կուրսի աշխատանքներին:

«Մեզ համար այս սեմինարը շատ հետաքրքիր է հատկապես մեր երկրի ոստիկանությունում իրականացվող բարեփոխման համատեքստում, որն ամենալայնածավալն է Հայաստանի անկախությունից ի վեր»,- IzRus կայքին ասել է փոխգնդապետ Հովհաննես Քոչարյանը, ով Անդրանիկ Ղազարյանի հետ ներկայացնում է Հայաստանը: Ըստ Քոչարյանի, իրավիճակը, որում գտնվում է Իսրայելը, շատ նման է հայկականին, եւ շատ զուգահեռներ կարելի է անցկացնել երկու երկրների ոստիկանությունների աշխատանքում:

«Մեզ համար շատ բան նորություն է, եւ մենք ցանկանում ենք իսրայելցիների փորձն օգտագործել Հայաստանում»,- նկատել է Քոչարյանը:

Նա նշել է, թե Հայաստանում քննարկում են ընթանում ճանապարհային եւ քրեական ոստիկանությունը մի կառույցում ընդգրկելու մասին: «Հետաքրքիր է, որ Եվրոպայում չկա նման բաժանում ինչպես մեզ մոտ, բացի Իսրայելից: Եւ մեզ ցույց տվեցին, թե որքան գործուն է այդ մոդել: Կարծում եմ` այդ փորձը կօգնի մեզ»,- ասել է փոխգնդապետը: