Հայրենիքի դավաճանության մասին փաստաթուղթը չպետք է ստորագրվի: Ղարաբաղը մեր հայրենիքն է, հայրենիքը չեն տալիս: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` մեկնաբանելով Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը:
Նրա կանխատեսումներով որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու, «Քանի դեռ չի հստակեցվել Ղարաբաղի կարգավիճակը, որեւէ փաստաթուղթ չի կարող բխել հայկական կողմի շահերից»:
Նա ասել է, թե կարգավորման սկզբունքները, որոնց մասին այսօր խոսվում է, միայն առիթ են հերթական անգամ խաբելու ժողովրդին:
«Պետության ոչ մի ղեկավար չի ապրում այսօրվա օրով: Հասկանում է, որ կա վաղվա օր: Վստահ եմ, որ հայկական կողմը չի գնա այդ քայլին: Ղարաբաղի հարցով փաստաթղթի ստորագրումը խելագարություն կլինի, քանի որ կնշանակի իշխանության կորուստ երկրում»,- ասել է Եղիազարյանը: Նա նաեւ ասել է, թե այսօր լռում եւ չեն խոսում երկրում կատարվող դեպքերի մասին, բայց եթե անթույլատրելի փաստաթուղթ ստորագրվի, ինքը կդառնա ամենամոլի ընդդիմադիրը:




























