Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը հայտարարել է, որ անհրաժեշտ է ամրապնդել վստահությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ: Այս մասին լիտվացի դիվանագետը հայտարարել է այսօր` հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում:
Զինվորական բնույթի միջոցառումների շարքում դեսպանը նշել է հայ եւ ադրբեջանցի դաշտային հրամանատրների միջեւ թեժ գծի ստեղծումը, որը կօգնի վերացնել ամեն տեսակի թյուրիմացություններ:
Լիտվացի դիվանագետը վստահություն է հայտնել, որ ԼՂ խնդրի լուծումը ձգձգվում է եւ շատ ցավոտ ընթացք ունի նաեւ այն պատճառով, որ կողմերի միջեւ վստահության պակաս կա:
«Շատ դժվար է պայմանավորվել կոնկրետ քայլերի մասին, եթե չես շփվում»,- ընդգծել է Ապուոկասը, հավելելով, որ պետք է շփումներ ստեղծել հասարակությունների, հասարակական կազմակերպությունների, երիտասարդների միջեւ:
Հիշեցնենք, որ հենց ադրբեջանակն կողմն է ամեն կերպ տորպեդահարում Հայաստանի ու ԼՂՀ-ի կողմից շփումներ հաստատելու բոլոր փորձերը:




























