Հայաստանում թրաֆիքինգի ոլորտում նկատելի տեղաշարժ է արձանագրվել, եւ պետքարտուղարության զեկույցում Հայաստանի  դիրքերը բարելավվել  են: Այս մասին այսօր` հունիսի 13-ին Երեւանում նշել է ԱՄՆ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան` Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման ժամանակ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետքարտուղարի փոխտեղակալի հիմնական գործառույթներից  է ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների զեկույցի պատրաստման աշխատանքների վերահսկումը:

Ա. Գեւորգյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը եւ նախկին դեսպան Մարի Յովանովիչին, ում անձնական ջանքերի շնորհիվ նաեւ հնարավոր է եղել առաջընթաց արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում:  Հայաստանի փոխվարչապետն անդրադարձել է նաեւ միջազգային համագործակցությանը` նշելով, որ ԱՄՆ-ից բացի, աշխատանքներ են իրականացվում  ԵԱՀԿ, ՄԱԿ-ի, ԵԽ-ի համապատասխան կառույցների հետ: Երկկողմ մակարդակով եւս գործակցություն է ծավալվել. մասնավորապես ԱՄԷ-ի հետ, որը Հայաստանի համար վերջնակետ երկիր է համարվում,  երկու տարի առաջ ստորագրվել է համագործակցության համաձայնագիրը, որի իրագործման ուղղությամբ  ներկայումս քայլեր են ձեռնարկվում: «Ձգտելու ենք ամեն ինչ անել, որպեսզի  այս ոլորտում առնվազն պետական մարմինների աշխատանքի առումով վերապահումներ չլինեն»,-նշել է փոխվարչապետը:

Կողմերն անդրադարձել են նաեւ ընտրական շրջանում տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենսդրական պարտավորությունների պատշաճ իրականացման խնդիրներին:

Զրուցակիցները շոշափել են նաեւ հանրապետությունում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: