Երեւանին անհրաժեշտ է 3100 աղբաման, այնինչ այսօր տեղադրված է շուրջ 2700-ը: Այս մասին այսօր` հունիսի 13-ին նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնարարվել է մեկ անգամ եւս ճշտել աղբամանների անհրաժեշտ թվաքանակն ու կարճ ժամկետում լրացնել բացը:

Բնապահպանության վարչության պետի զեկույցի համաձայն մայրաքաղաքի փողոցներում եւ պուրակներում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Զուգահեռաբար ընթացքի մեջ են քաղաքապետարանի բնապահպանական ծրագրերի աշնանային փուլի նախապատրաստական աշխատանքները, որոնցով նախատեսվում է ընդլայնել առկա ոռոգման ցանցը, Նուբարաշեն վարչական շրջանում շուրջ 60 հեկտար տարածքով անտառային բուֆերային գոտի ստեղծել, բարեկարգել ու կանաչապատել Հաղթանակ զբոսայգու հարավային լանջը: Քաղաքապետի հանձնարարությամբ, կանաչապատման եւ ծաղկապատման բոլոր ծրագրերն առավել ճիշտ եւ նպատակային իրագործելու նպատակով կմշակվի համապատասխան հայեցակարգ` հաշվի առնելով բնապահպանների, ճարտարապետների եւ լանդշաֆտային դիզայնի մասնագետների կարծիքը:

«Երեւանջուր», «ՀայՌուսգազարդ» եւ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերություններին հանձնարարվել է սեղմ ժամկետում բարեկարգել եւ պատշաճ տեսքի բերել իրենց ենթակառուցվածքների շինություններն ու դրանց հարակից տարածքները: