«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացի ձգձգման պատճառն այն փաստն էր, որ Թուրքիան պատրաստվում էր բանավոր հայտարարությունների մեջ օգտագործել մի ձեւակերպում, որ չէր բխում գործընթացի էությունից»,- հայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, հայկական կողմի ճնշման տակ եւ միջնորդների աջակցությամբ որոշում է կայացվել ամբողջությամբ հրաժարվել բանավոր հայտարարություններից:

«Կարծում եմ, որ այդ ամենից հետո այդ արձանագրություններում պետք է տեսնել միայն այն, ինչ գրված է թղթի վրա: Դրանք իրավական փաստաթղթեր են, որոնք նախատեսում են քայլերի հերթականություն եւ գործողությունների օրակարգ»,- նշել է նա եւ հավելել, թե այսուհետ անհրաժեշտ է համախմբել պրոֆեսիոնալ պոտենցիալը, որ փաստաթղթերի դրույթների կատարման գործըթնացում Հայաստանը առավելագույն օգուտներ եւ արդյունքներ քաղի: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, թե ձգձգումը կապված է եղել թուրքական կողմի՝ ամփոփիչ հայտարարության մեջ հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպում մտցնելու փորձի հետ: «Մեզ հաջողվեց չեզոքացնել այդ փորձերը»,- նկատել է Տիգրան Բալայանը: Միեւնույն ժամանակ, նա չի հստակեցրել, թե հատկապես որ ձեւակերպման մասին է խոսքը: Արդյունքում, նրա խոսքերով, կողմերին առաջարկվել է հայտարարություններ չանել:

Թուրքական Zaman թերթն էլ, հղում անելով դիվանագիտական աղբյուրների վրա, նշել էր, որ թուքական կողմի ամփոփիչ հայտարարության տեքստում ձեւակերպում կար, որտեղ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղին: Հայկական կողմն ընդվզել է: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայկական կողմի հետ բանակցություններից հետո ստացել է թուրքական կողմի հայտարարության փոփոխված տարբերակը: