Թուրքիային եւ Ֆրանսիային կապող հարաբերությունների արմատները դարերի պատմություն ունեն, որ սկսվում է օսմանյան սուլթան Սուլեյման Հրաշալիի եւ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի ժամանակներից, եւ երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ տեսազանգով զրույցի ժամանակ:

«Որպես ՆԱՏՕ-ի երկու հզորագույն դաշնակիցներ մենք կարող ենք զգալի ավանդ ունենալ Եվրոպայից մինչեւ Կովկաս, Մերձավոր Արեւելքից մինչեւ Աֆրիկա ձգվող լայնարձակ տարածքում անվտանգության, կայունության եւ խաղաղության ապահովման ջանքերում»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ երկու երկրները պետք է համատեղ քայլեր ձեռնարկեն ահաբեկչության դեմ պայքարում, իսկ նրանց առաջնորդների միջեւ երկխոսությունը կարեւոր դեր է խաղում երկկողմ հարաբերություններում:

Սա երկու նախագահների առաջին զրույցն է «երկարատեւ ընդհատումից հետո», հայտնել են թուրք նախագահի աշխատակազմից:

Երկու երկրների ղեկավարների միջեւ հարաբերությունները լարվել էին մի շարք հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում, Միջերկրական ծովի արեւելյան հատվածում եւ Լեռնային Ղարաբաղում:

Սեպտեմբերին երկու ղեկավարների միջեւ տեղի էր ունեցել բանավոր պատերազմ: Մակրոնն ասել էր, որ թուրք ժողովուրդը «ավելինին է արժանի, քան Էրդողանի կառավարությունը», մինչդեռ Էրդողանը նրան խորհուրդ էր տվել «կապ չունենալ թուրքերի հետ»: Մեկ ամիս անց Թուրքիան քննադատել էր ֆրանսիական օրինագիծը՝ ուղղված արմատական իսլամի դեմ: Ֆրանսիան դեկտեմբերին հանդես էր եկել Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցներ սահմանելու կոչով՝ Հունաստանի եւ Կիպրոսի հետ տարածքային վեճի պատճառով: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հունվարին հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է հարաբերությունների բարելավմանը, եթե Փարիզը նույնպիսի պատրաստակամություն դրսեւորի, հայտնում է Reuters-ը: