Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի տաղավարը պետք չէ դատարկ կոչել մի շարք ցուցանմուշների բացակայության պատճառով, քանի որ այնտեղ մասնագետներ էին ներկա եւ մեծ քանակությամբ տեղեկատվություն է ներկայացվել: Այս մասին մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով` փոխարենը Հայաստանի տաղավարը բավականին գեղեցիկ էր: «Ըստ տարբեր գնահատականների` այն ամենագեղեցիկներից մեկն էր, իսկ ցուցանմուշները, որոնք լոգիստիկ պատճառներով տեղ չէին հասել, ընդամենը մի մասն են այն ամենի, ինչ ներկայացվել է ռազմարդյունաբերական ցուցահանդեսին: Սակայն գնահատականներ են հնչեցվել, որ ցուցահանդեսի տաղավարը դատարկ էր: Կարծում եմ, որ պետք է զերծ մնանք նման գնահատականներից, քանի որ ցուցահանդեսին մասնակցության բովանդակային մասն ընկերություններն ապահովում են իրենց գիտելիքներով, ինչպես նաեւ փորձագետներով, ովքեր նոր շուկաներ են փնտրում եւ գտնում»,- ասաց նախարարը:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանը շատ հաջողությունների է հասել, որոնց մասին ավելի ուշ կհաղորդեն  ցուցահանդեսի մասնակից-ընկերությունները:
Անդրադառնալով Աբու Դաբիի ցուցահանդեսին ծագած խնդիրներին` Արշակյանն ասաց, որ նախարարությունը հետեւողական է լինելու: «Ծառայողական հետաքննության արդյունքները, որը դեռ չի ավարտվել, հասանելի կլինեն բոլոր շահագրգիռ պատգամավորներին: Պատճառներից մեկը պատերազմն է եւ կորոնավիրուսն է, ինչի պատճառով մենք ուշ սկսեցինք կազմակերպչական աշխատանքները: Սակայն այս հարցով հետաքննություն է ընթանում, եւ գնահատականներ կտրվեն»,- հավաստիացրեց նախարարը:

Որոշ պարբերականների գնահատականներով` Աբու Դաբիում հայկական տաղավարի արժեքը Հայաստանի բյուջեին 25 միլիոն դրամ է արժեցել:
Հարկ է նշել նաեի, որ IDEX-ը պաշտպանական տեխնիկայի եւ զենքի ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից մեկն է, ինչպես նաեւ` ամենամեծը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում: Հայաստանը նույնպես մասնակցել է Աբու Դաբիում անցկացված ամենամեծ ռազմարդյունաբերական IDEX 2021 ցուցահանդեսին, սակայն ցուցահանդեսի բառացիորեն առաջին իսկ օրվանից հայկական տաղավարը բուռն քննադատության էր ենթարկվել սոցիալական ցանցերում` ցուցանմուշների բացակայության պատճառով: Սոցցանցերում տարածված լուսանկարների համաձայն` հայկական տաղավարում, որտեղ միանգամից 14 ընկերություն էր ներկայացված, ներկայացման նյութերից միայն բուկլետներ կային: Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ցուցանմուշների բացակայությունը բացատրել էր առաջացած լոգիստիկ խնդիրներով, որոնց պատճառով ռազմական արտադրանքի հայկական ցուցանմուշները չէին հասել Աբու Դաբի: