Ազգային ժողովը քաղաքական մարմին է և որոշման մեջ բնականաբար եղավ քաղաքական գործոն, եղել են իրադարձություններ և դրանք հետք են թողել: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը, որը այսօր չընտրվեց այդ պաշտոնում:
«Ես ցավում եմ, որ նման քննարկում տեղի ունեցավ Ազգային ժողովում մեր թեկնածությունների բովանդակության շրջանակում, բայց նաեւ հասկանում են, որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ունեն հետևանքներ, միգուցե նաեւ քաղաքական իմաստով հետեւանքներ: Հասկանում եմ պատգամավորներին, որոնք պետք է ինչ-որ ձեւով արտահայտեին դա: Ես չէի ակնկալում, որ այդ արտահայտումը պետք է լինի իրենց քվեարկության ձեւով: Ազգային ժողովը քաղաքական մարմին է և այո, քաղաքական գործոնը անդրադարձավ այս որոշման վրա»,- ասաց նա:
Արսեն Մկրտչյանը նշեց՝ Ազգային ժողովը իրականացնում է կադրային որոշում և շատ հանգիստ կարող է այլ կերպ ձայները բաշխել:
Նա նաև անդրադարձ կատարեց Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը. «Ես չեմ գնահատի Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը, որովհետև այդ հայտարարությունը շատ խիստ քննադատվեց այս մի քանի օրերի ընթացքում: Ելակետային մոտեցումը այն էր՝ քաղաքական հենակետ ունի այդ հայտարարությունը, թե ոչ: Ես քաղաքական զսպվածություն ունեմ եւ որեւէ կերպ չեմ մոտենա այդ հայտարարությանը գնահատական տալու հարցին»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
Վճռաբեկի դատավորի թեկնածուն նաև հերքեց շրջանառվող լուրերը, թե ինքը և Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել և նշեց՝ հայտարարությունը, որը տարածվել է մամուլում, չունի որևէ հենման կետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 36 պատգամավոր, իսկ քվեաթերթիկներից 8-ը ճանաչվել է անվավեր:
Այսպիսով` թեկնածու Արմեն Հայկյանցը ստացել է 13 ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 15 ձայն, Սամվել Գրիգորյանը՝ 0 ձայն:




























