Վերջին արցախյան պատերազմի ընթացքում Ռուսաստանի «Հայեր միացեք» նախաձեռնությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Արամ Տանանյանի խորհրդով հումանիտար օգնությունն ուղարկել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով ու հիմա իրենց մոտ կասկածներ են առաջացել, թե ինչու է դա արվել պատգամավորի միջոցով, ինչու են իրենց նման խորհուրդ տվել: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախաձեռնության անդամ Բադալ Պարյանը։

«ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունում մաքսային կցորդը  Արամ Տանանյանը մեզ ասել է, որ Հայկ Սարգսյանի անունով կարող ենք ուղարկել օգնությունը: Մենք չենք ասում, որ նա մեզ ստիպել է: Բեռներն ուղարկելուց հետո երեք ամիս անցավ, ու երբ ես չստացա այստեղ ստացականները ԱԻՆ-ից, հարց առաջացավ, թե ինչու են մեզ ուղղորդել դեպի Հայկ Սարգսյանը:

Ես չեմ ասել՝ Հայկ Սարգսյանին ապրանք ենք ուղարկել ու անհետացել է: Երբ հարց տվեցին, իսկ ձեր ապրանքը տեղ հասե՞լ է, ես ասացի՝ այո, հասել է ԱԻՆ: Խնդիրն այն է, որ ստացականները եղել են Հայկ Սարգսյանի անունով ու դա կասկածնմեր է առաջացրել մեզ մոտ: Ես ուզում եմ, որ Արամ Տանանյանը հրապարակային ասի, թե ինչու է  հենց Հայկ Սարգսյանի անունը տվել:

Ես հույս ունեի, որ իմ ասուլիսից հետո կսկսվի մի գործընթաց, որ կարող ենք մի տեղ հավաքել բոլոր ստացականները տարբեր հայկական կազմակերպություններից, որոնք ողջ պատերազմի ընթացքում ուղարկել են զրահաբաճկոններ, ռացիաներ, սաղավարտներ, գիշերային տեսողության սարքեր, եւ կասվի, թե որ ապրանքից որքան քանակությամբ է եկել: Այդ թվերի հրապարակումից հետո մենք կարող ենք ստեղծել կոմիտե Սփյուռքի տարբեր նախաձեռնությունների անդամներից, բոլորս միասին ճշտենք իրավիճակը»,-ասաց նախաձեռնության անդամը:

«Մենք մեր սրտի պարտքն ենք կատարել. ով կռվի դաշտում չի, պետք է գոնե թիկունքը պահեր: Հիմա գնում է տեղեկատվություն, որ զոհերի մեծ մասը եղել է զրահաբաճկոնների պակասությունը: Այսինքն մենք ամբողջ սփյուռքով, կառավարությունով չենք կարողացել մեր տղաներին ապահովենք զրահաբաճկոններով: Չնայած, բազմաթիվ տեղեկություններ կան, որոնք կարող են կասկած առաջացնել իմ մեջ: Դրա համար մենք ուզում ենք համոզվել, թե արդյոք չենք կարողացել ապահովել տղերքին զրահաբաճկոններով: Եթե չենք կարողացել, ուրեմն թող ամբողջ Սփյուռքը տեսնի, թե ինչքան քիչ բան ենք արել: Բայց եթե պարզվի, որ մենք շատ ենք արել, ու տեղ չի հասել, թող բոլորն իմանան, թե դրա պատասխանատուներն ովքեր են:  Մենք ընդամենը պահանջում ենք պատասխանու մեկը մեր հարցերին պատասխան տա: Այս ընթացքում ոչ մի արձագանք չի եղել»,-ասաց Բադալ Պարյանը:

«Մենք իրավունք ունենք պահանջել ներկայացնել հաշվետվություն:  Խնդրում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին ստեղծել այն պայմանները, որը մենք պահանջում ենք: Բոլորս էլ իրավունք ունենք կասկածելու եւ պահանջելու հաշվետվություն: Պետք է վստահ լինենք, որ ամեն ինչ եղել է արդար: Ինչու չեն գնվել անհրաժեշտ բաները»,-ընդգծեց նա: