Հունիսի 13 -ին 8 կանադահայերից կազմված խումբը 72-ժամյա հացադուլն ավարտել է Տորոնտոյում Թուրքիայի հյուպատոսության առջեւ: Ակցիան, ինչպես գրում է «Asbarez»-ը, կազմակերպվել էր Կանդայի հայ երիտասարդական ֆեդերացիայի կողմից:
Թուրքիայում անցկացվող համապետական ընտրությունների լույսի ներքո ցուցարարները բողոք էին հայտնում Թուրքիայի կառավարության կողմից մարդու իրավունքների ընթացիկ խնդիրների, Հայոց ցեղասպանության ժխտման, խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակման, Կիպրոսի օկուպացիայի շարունակման եւ ազգային փոքրամասնությունների ճնշման դեմ:
Հացադուլն ավարտվել է պաշտոնական հանրահավաքով` տեղական ժամանակով ժամը 14:00-ին, Թուրքիայի հյուպատոսության առջեւ: Դրանով ցուցարարները Թուրքիայի նորընտիր պաշտոնյաներին ուղերձ են հղել առ այն, որ կանադացիները եւ միջազգային հանրությունը լուռ դիտորդ չի լինելու այն դեպքում, երբ թուրքական կառավարությունն իր քաղաքացիներին զրկում է հիմնական իրավունքներից եւ շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը:
Ցավոք, խաղաղ ակցիան հանդիպել է թուրքերի հակաակցիային, որոնք փորձել են տապալել հանրահավաքը: Հանդես բերելով անհարգալից վերաբերմունք` նրանք կանադական դրոշը հակառակ ձեւով են պահել, եւ հայերին համարել են «ահաբեկիչներ» ու «մանուկների մարդասպաններ»: Նրանք կրել են «Հպարտ ժողովուրդ` հպարտ պատմություն» գրությամբ պաստառներ` այդ կերպ չարագուշակ ուղերձ հղելով, որ ամենեւին էլ խղճի խայթ չեն զգում կատարված ցեղասպանության համար: Հայ ցուցարարները խուսափել են ցանկացած առճակատումից, ինչի նպատակ էլ հետապնդում էր թուրքական ակցիան:




























