Կենտրոնական բանկը շարունակում է վարել լողացող փոխարժեքի քաղաքականություն, սակայն ավելի պահպանողական է դարձել, երբ դրամը գնում է դեպի արժեւորում: Այսօր` հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ավելին, ըստ Ա. Ջավադյանի` «թույլ տալ, որ դրամը շատ ուժեղանա, չենք կարող»: Թե որն է այդ «շատ ուժեղ» դրամի միջակայքը` ԿԲ նախագահը չհստակեցրեց, ասելով, որ դա ԿԲ-ի որոշելու խնդիրն է:
Այսպիսով` ԿԲ-ն այս շրջանում պատրաստակամություն է հայտնում միջամտել փոխարժեքին 2 դեպքում` երբ առկա են կտրուկ տատանումներ, եւ երբ դրամը կդրսեւորի ուժեղ արժեւորման միտում:
Ըստ ԿԲ նախագահի, ամռան ամիսներին դրամն ավելի հակված է դեպի արժեւորում, ինչը չի բացառում, որ ԿԲ-ն սկսի դոլարի գնումներ իրականացնել շուկայից: Սակայն Ա. Ջավադյանն, այնուամենայնիվ, հավելեց, որ նպատակ չունեն փոխարժեքն ուղղորդել դեպի որոշակի միջակայք:



























