Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն արդեն մեկ շաբաթ է, ինչ  համապատասխան ծանուցումներ է ուղարկել իր մարզային ստորաբաժանումներ` ուղեւորափոխադրմամբ զբաղվող ընկերությունների ղեկավարներին հայտնելով, որ համաճարակաբանական անվտանգության պահպանման պահանջները խստացվելու են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք պետական ​​իրավասու կառույցները մտադիր են միջոցներ ձեռնարկել դիմակային ռեժիմի խախտման հետ կապված, որը մայրաքաղաքից դուրս ավելի զանգվածային բնույթ է կրում:

Նրա խոսքով` քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, առողջապահության եւ աշխատանքի տեսչության, ինչպես նաեւ հանրապետության Ճ​անապարհային ոստիկանության հետ համատեղ վերսկսել է վերահսկողությունը հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ երկրի ամբողջ տարածքով: «Երեւանում` մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, ինտենսիվ մոնիտորինգն արդեն սկսվել է, քանի որ հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիրը հատկապես սուր է հենց Երեւանում»,- ասաց Զոհրաբյանը:

Ի պատասխան առարկությանը, որ մարզերում, որպես կանոն, սահմանափակող միջոցների պահպանման վերահսկողությունը շատ ավելի ցածր է, եւ մարդիկ հեշտությամբ, լինելով վարակի պոտենցիալ կրողներ, օգտվում են հասարակական տրանսպորտից (երբեմն շատ ծանրաբեռնված) եւ առանց որեւէ դժվարության հասնում մայրաքաղաք, մամուլի խոսնակը խոստովանեց, որ այդպիսի խնդիր իսկապես կա: «Մեր մարզային գրասենյակները եւս համապատասխան կարգադրումներ եւ ցուցումներ կստանան: Վերահսկողություն կիրականացվի ինչպես կանոնավոր փոխադրումների, այնպես էլ անկանոն` տաքսիների նկատմամբ»,- հավաստիացրեց Ելենա Զոհրաբյանը:

Նա նաեւ պարզաբանեց, որ եթե տրանսպորտը գերծանրաբեռնված է, ապա Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կարող են կանգնեցնել այն եւ պահանջել, որ ուղեւորները լքեն փոխադրամիջոցը՝ անկախ այն բանից, թե որտեղ է գտնվում եւ ուր է հասցրել հասնել: Այսպիսով, եթե խոսքը հասարակական տրանսպորտի մասին է, ապա տվյալ փոխադրման համար պատասխանատու ընկերությունը պահանջները խախտելու պատճառով ենթարկվելու է վարչական տույժի`տուգանքի տեսքով: Տուգանք է սպառնալու նաեւ հասարակական տրանսպորտում ախտահանող միջոցների բացակայության դեպքում:

Ընդ որում՝ տուգանվելու են թե՛ քաղաքացիները, թե՛ վարորդները, եթե նրանք այս կամ այն պատճառով դիմակով չեն լինի:

Նա անդրադարձավ նաեւ մետրոյում տիրող իրավիճակին, որտեղ վերջին շաբաթներին, ըստ NEWS.am-ի դիտարկումների, ոստիկանության լիակատար անգործության ֆոնին դիմակային ռեժիմը զանգվածաբար խախտվում է: Մամուլի քարտուղարի հավաստմամբ՝ դիմակները պարտադիր են մետրո մտնելիս: Ոստիկանության աշխատակիցները վերահսկելու են դրանց առկայությունը:

Ելենա Զոհրաբյանը շեշտեց, որ այս բոլոր միջոցառումները կապված են կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թվի աճի հետ: Վարակվածների թվի վերաբերյալ տվյալները տրամադրել է Առողջապահության նախարարությունը, որը եւ պնդել է խստացնել վերահսկողության միջոցառումները: