Նախկին ՀՀՇ-ականների կողմից նոր քաղաքական ուժի ձեւավորումն ամենեւին չի նշանակում, թե ՀՀՇ-ն պառակտվում է: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախկին քաղբանտարկյալ, Արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանը` անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ»-ի ձեւավորմանը: «Ժամանակը ցույց կտա` իրե՞նք են այդ ուժը ձեւավորել, թե՞ ձեւավորվել է: Փակագծերն ավելի չբացեմ: Երկար ժամանակ լինել մի կուսակցությունում, եւ այդտեղից դուրս գալ այն ժամանակաշրջանում, երբ կուսակցությունը մեծ վերելք է ապրում, չեմ պատկերացնում»,-նշեց Միքայելյանը` հավելելով, թե «կուսակցականախեղդ ենք լինում Հայաստանում»:
Սասուն Միքայելյանը չի կարծում, որ ՀՀՇ-ի շարքերի նոսրացումը վնասակար է ՀԱԿ-ի համար, քանի որ, ըստ նրա, «որքան ՀԱԿ-ը մաքրվի, այնքան ՀԱԿ-ի համար ավելի լավ կլինի»:
Լրագրողի հարցին, թե փաստորեն, ՀԱԿ-ը մաքրվո՞ւմ է` ի դեմս ՀՀՇ-ից դուրս եկածների, նախկին քաղբանտարկյալն արձագանքեց. «Յա տակ դումայու»:
Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարը ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է:



























