Հոկտեմբերի 12-ի վաղ առավոտյան Հայաստանի հավաքականի պատվիրակությունը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, չարտերային չվերթով մեկնել է թուրքական Բուրսա քաղաք, որտեղ հոկտեմբերի 14-ին մեր թիմը Աթաթուրքի անվան մարզադաշտում հանդիպում կանցկացնի Թուրքիայի թիմի հետ՝ վերջինը 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հայաստանի հավաքականի պատվիրակության կազմում մեկնել են նաեւ լրագրողներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականի հետ առաջին խաղը կայացել է 2008թ. սեպտեմբերի 6-ին՝ Երեւանում, եւ Հայաստանի հավաքականը պարտվել է 0:2 հաշվով: Ինչպես արդեն նշվել է, մեր թիմին պատասխան խաղում դժվարին փորձություն է սպասվում՝ չնայած, որ թուրքական թիմն արդեն կորցրել է ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու բոլոր հնարավորությունները: Նա կորցրել է հնարավորությունները, բայց ոչ մոտիվացիան, հաշվի առնելով մի շարք գործոններ՝ խաղում է տանը, իր երկրպագուների առջեւ, հետեւաբար փորձելու է ընդհանուր առմամբ տանուլ տված սեզոնն ավարտել վերելքով: Բացի այդ, անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպման առանձնահատուկ ենթատեքստը:
Նշենք, որ կայանալիք մրցախաղը դարձել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած քաղաքական գործընթացների մասը: Հիշեցնենք նաեւ, որ առաջին խաղի ընթացքում՝ Երեւանի «Հրազդան» մարզադաշտում ներկա էր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, որ ժամանել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:
Թուրքիայի նախագահը պատասխան քայլ կատարեց՝ պաշտոնական հրավեր ուղարկելով Հայաստանի նախագահին: Սակայն այս պահին դեռ պարզ չէ՝ կընդունի՞ Գյուլի հրավերը Սարգսյանը։ Սկզբնապես նախագահի դիրքորոշումը պայմանավորված էր վերջին օրերի զարգացումներով եւ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաստորագրված արձանագրությունների ստորագրմամբ:
Նշենք, որ հայկական պատվիրակության կազմում Բուրսա է մեկնել NEWS.am-ի հատուկ թղթակիցը, որը լուսաբանելու է իրադարձությունների զարգացումը:




























