Ford Motor ավտոարտադրողը հույս ունի, որ շուրջ 86 000 աշխատակիցների մեծամասնությունը, որոնք աշխատում են հեռավար, կվերադառնան գրասենյակներ եւ արտադրամասեր ամռանը, եւ կսկսեն աշխատել նոր խառը աշխատանքային ժամանակացույցով, հաղորդում է «Ինտերդաքս»-ը:
Դա աշխատակազմին ավելի մեծ հնարավորություններ կտա ընտրելու, թե երբ գնալ գրասենյակ, համարում են ընկերությունում:
Ընկերություն մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Քրիսթեն Ռոբինսոնն ասել է, որ գրասենյակ աշխատակիցների վերադարձը սպասվում է ոչ շուտ, քան հուլիսը: Հեռավար աշխատանքի չափը կորոշվի նրանց պաշտոնի պարտականություններից եւ ղեկավարության որոշումից:
«Վերջին տարվա ընթացքում մենք հասկացել ենք, որ մեր պատկերացումներն աշխատանքի եւ այն մասին, թե ինչ է անհրաժեշտ աշխատակիցներին, փոխվել են»,-նշել է Ռոբինսոնը:
Ford-ում նոր ժամանակացույցի մասին որոշումն ընդունել են վերջին տարվա ընթացքում անձնակազմի շրջանում իրականացված մի շարք հարցումների արդյունքում: Մարդկանց հարցրել են հեռավար աշխատանքի ամսին իրենց նախասիրությունների եւ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու ցանկության մասին:
Ռոբինսոնը նշել է, որ իրենց աշխատակիցների մեծ մասը պատրաստվում է պատվաստվել: Ford-ը դա չի պահանջում, սակայն տրամադրում է տեղեկատվություն եւ միջոցներ պատվաստվելու որոշում կայացրած մարդկանց:
Ընկերությունը շարունակում է պահանջել աշխատակիցներից դիմակ կրել եւ պահպանել սոցիալական հեռավորությունն առնվազն մինչեւ սույն թվականի տարեվերջ, նշել է Ռոբինսոնը:
Ford-ն առաջարկել է աշխատաժամանակի այլընտրանքային տարբերակներ, օրինակ, 10-ժամյա աշխատանքային օր շաբաթական չորս անգամ ավանդական հնգօրյա աշխատանքային շաբաթվա փոխարեն, սակայն Ռոբինսոնն ասել է, որ այդպիսի տարբերակների նկատմամբ հետաքրքրությունը ցածր էր:





























