Հայաստանում արձանագրվել է անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի նվազում: Այդ մասին հունիսի 16-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը:

Նրա տվյալներով, ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 169 հանցագործություն: Անցած տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում արձանագրվել է 201 հանցագործություն:

Այս տարի արձանագրվել է 3 կողոպուտ (նախորդ տարի` 8), ավազակային հարձակում` 0 (6), սպանություն` 0 (2), գողություն 102 (114): Աճել են խուլիգանությունների թիվը` նախորդ տարվա 4-ի դիմաց արձանագրվել է 6 խուլիգանություն:

Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարվել է 103 հանցագործություն: