Ղարաբաղյան կարգավորումը դժվարին գործընթաց է, որը զարգանում է անհրաժեշտ ուղղությամբ: Այդ մասին «Կոմերսանտ» թերթին տված հարազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, այսօր կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում Մադրիդյան փաստաթղթի երկու սկզբունքների կապակցությամբ՝ միեւնույն ժամանակ չհստակեցնելով, թե որ կետերի վերաբերյալ է խոսքը:

«Եթե պայմանավորվենք այդ երկուսի վերաբերյալ, կշարժվենք առաջ: Իսկ երբ պայմանավորվենք բոլոր սկզբունքների շուրջ, այն ժամանակ էլ կսկսվի խաղաղ համաձայնագրի մշակման գործընթացը: Դա երկարատեւ, բազմաշերտ գործընթաց է»"- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքերով, կողմերը պետք է զգուշորեն մոտենան իրենց հայտարարություններին երբ մոտեցնում են դիրքորոշումները, եւ երբ տարաձայնություններ են լինում, «որ այդ գործընթացը շարունակվի, քանի որ երկու կողմի շահերից էլ բխում է առաջ ընթանալ եւ հասնել պայմանավորվածությունների, որ կօգնեն կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»:

Բանակցող կողմերի միջեւ, ըստ Նալբանդյանի, սկզբնապես պայմանավորվածություն է եղել, որ նախագահները խոսելու են կոնկրետ սկզբունքների վերաբերյալ, եւ երբ համաձայնության գան, կանցնեն հաջորդին: «Եթե համաձայնեցվեն սկզբունքները, ես արդեն ասացի, որ մենք կանցնենք խաղաղ համաձայնագրի կնքման մշակմանը: Մենք կարծում ենք, որ նման փաստաթուղթը պետք է մշակվի, Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

Անդրադառնալով Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջերս կայացած հանդիպմանը, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ թե Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ անցկացված հանդիպումը շատ կարեւոր եւ արդյունավետ էին բանակցային գործընթացի համար:

Նալբանդյանի խոսքերով, կարգավորման մեջ Մինսկի խմբի եւ Ռուսաստանի մասնակցությունը փոխլրացնող գործըթնացներ են. «Եթե Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը կարող է օգնել, ինչո՞ւ դա չանել: Դա միայն կարելի է ողջունել: Այսօր կարգավորման գործընթացում ակտիվ դեր է խաղում Ռուսաստանն ու նրա նախագահը»:

Խոսելով բանակցային գործընթացի գաղտնիության մասին՝ հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, թե գործընթացն ավելի փակ չէ, քան մեկ այլ նմանատիպ գործընթաց. «Բազմաթիվ լուրջ բանակցություններ ընթանում են ոչ մամուլի ասուլիսների եւ թերթային հարցազրույցների միջոցով: Բանակցությունը բանակցություն է: Եւ մի գեղեցիկ օր կհասնի պահը, երբ դրանց բովանդակությունը կդառնա հանրության սեփականությունը: Այդպես եղավ հայ-թուրքական բանակցությունների հետ: Որոշակի պահի մենք որոշեցինք, որ պետք է այն բաց լինի՝ կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա: Ընդ որում, մինչեւ ստորագրումը, ինչը ընդունված չէ: Սովորաբար համաձայանգրերը հրապարակվում են ստորագրումից հետ: Մենք գաղտնիության կողմնակից չենք, բայց ցանկացած բանակցություն վերաբերում է ոչ թե մի երկրի, այլ երկու եւ մի քանի: Ղարաբաղյան հակամարտության դեպքում՝ երեք կողմի»։

Հարցազրույցում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաեւ պատասխանել է Հայաստանի տարածքում նոր ԱԷԿ-ի կառուցմանը վերաբերող հարցերի՝ նկատելով Ռուսաստանի առանցքային դերն այդ հարցում: «Մենք հուսով ենք, որ նա, որպես մեր ռազմավարական դաշնակից, մեր գործընկերը կլինի եւ այս նախագծում»,- ասել Նալբանդյանն ու նշել որ ներկայումս համապատասխան ռուսաստանյան կազմակերպությունները հետաքրքրություն են ցուցաբերում այդ նախագծի նկատմամբ: