«Հայաստանն ու Թուրքիան երեկ իրենց հարաբերություններում նոր էջ բացեցին։ Ես ողջունում եմ այս համարձակ քայլը, այն արժանի է մեր հարգանքին ու ճանաչմանը։ Այս պայմանավորվածությունները կոնկրետ հեռանկար են առաջարկում փոխըմբռնման եւ վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերությունների համար»։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ խոսելով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մասին: «Որդեգրված մերձեցման կուրսը նաեւ կարեւոր ավանդ է ողջ կովկասյան տարածաշրջանում առավել անվտանգության, կայունության եւ համագործակցության համար։ Այժմ արդեն խնդիրը արձանագրությունները շուտափույթ վավերացնելն է եւ դրանց կյանք հաղորդելը։ Մենք քաջալերում ենք բոլոր քաղաքական ուժերին Թուրքիայում եւ Հայաստանում՝ առկա դինամիկան վճռականորեն օգտագործելու հանուն հարաբերությունների կարգավորման»,- ասել է ԱԳՆ ղեկավարը:

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» եւ «Երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը պետք է ստորագրումից հետո վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: