Հայաստանի կառավարությունն այսօր` հունիսի 17-ի նիստում հաստատեց մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից հաշվարկվող ինդեքսների բարելավման ուղղությամբ միջոցառումների ծրագիրը; Խնդիրը վերաբերում է «Հերիթեյջ ֆաունդեյշն»-ի (Heritage Foundation) կողմից հրապարակվող «Էքոնոմիք ֆրիդըմ» (Economic Freedom), «Վորլդ էքոնոմիք ֆորում»-ի (World Economic Forum) կողմից հրապարակվող «Նեթվորքդ ռեդինես» (Networked readiness), «Գլոբալ քոմփեթիթիվնես» (Global Competitiveness) եւ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» (Transparency International) հակակոռուպցիոն կազմակերպության կողմից հրապարակվող «Քրափշն փրսեփշնս» (Corruption Perceptions) ինդեքսներին:

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է բոլոր գերատեսչություններին եռամսյակային տեղեկատվություն տրամադրել իրենց` ընթացքին եւ իրավիճակին տեղյակ լինելու համար: Դրան առարկեց տրանսպորտի եւ կապի նախարար մանուկ վարդանյանը` նշելով, որ Հեռահաղորդակցության միջազգային միությանը տարին 2 անգամ են հաշվետվություն ներկայացնում, ուստի կարիք չկա եռամսյակը մեկ տեղեկություններ տրամադրել էկոնոմիկայի նախարարությանը: Նա առաջարկեց էկոնոմիկայի նախարարին` սահմանափակվել զուգահեռ տեղեկատվությամբ:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ միջազգային վարկանիշերում սխալ է հաշվարկվում տարրական դասարաններում երեխաների ընդգրկվածության ցուցանիշը, ինչի պատճառով ետ ենք մնում; Նա 2 օր խնդրեց` այս հարցը կարգավորելու ուղղությամբ առաջարկություններ մշակելու համար: