Վերջին մեկուկես տարիների ընթացքում Հայաստանում կատարվածը երկիրը մի քանի տասնամյակով հետ է մղել: Այսպիսի կարծիք այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբում հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար, համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը:
«Շատ է խոսվում, որ մարտի 1-ից հետո Հայաստանը հայտնվել է քաղաքական ճգնաժամում: Իմ գնահատականը մի քիչ տարբերվում է, որովհետեւ փետրվարի 19-ին Հայաստանում եղավ քաղաքական ճգնաժամ, որի լուծումը իշխանությունները տեսան մարտի 1-ի սպանդի իրականացմամբ, եւ որից հետո Հայաստանը հայտնվել է քաղաքակրթական ճգնաժամի մեջ»,- արձանագրեց Ալիկ Արզումանյանը եւ հսվելեց, թե Հայաստանն ուզում է վերադառնալ քաղաքակիրթ երկրների ընտանիք եւ «առաջնորդվել այն համամարդկային արժեքներո՞վ, որոնք հռչակվել են Հայաստանի անկախությունը հռչակելուն զուգընթաց, թե՞ մենք ուզում ենք Հայաստանը տանել դեպի ասիական դիկտատուրա»: Ըստ Արզումանյանի՝ չի փակվել նաեւ մարտի 1-ի էջը, որը կփակվի միայն այն ժամանակ, երբ բացահայտվեն եւ պատասխանատվություն կրեն այդ օրը կատարված սպանդի իրական մեղավորները, հրաման տվողներն ու կատարողները:
Անդրադառանալով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, նախկին արտգործնախարարը նշեց, թե Հայաստանի իշխանություններն արտաքին հարթության վրա միջազգային պատժամիջոցներից խուսափելուց բացի այլ հարց այլ հարց չի հետապնդել: «Սա ամոթալի իրավիճակ է: Ես ամաչում եմ, որ 18-ամյա անկախ Հայաստանի Հանրապետությունը մեկուկես տարիների ընթացքում ընդամենը մեկ հարց է լուծել եւ ընդամենը քննարկել է նստաշրջանից-նստաշրջան, ԵԽԽՎ-ում, արդյոք Հայաստանը հասել է այն մակարդակին, որ կարելի է սանկցիաներ կիրառել կամ չկիրառել: Սա ամոթալի իրավիճակ է: Այլ հարց չունի Հայաստանը: Այսինքն մանդատից զրկվել չզրկվելու հարցը եղել է մեր համար մեկ խնդիրը եւ դրա հետ կապված այդ կտրվածքով են քննարկվել մյուս կարեւորագույն խնդիրները, լինի դա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, թե տնտեսական զարգացումները»,- մանրամասնեց նախկին արտգործնախարարը: Նա նաեւ դրական համարեց, որ սեպտեմբերին ԵԽԽՎ-ն անդրադառնալու է քաղբանտարկյալների խնդրին, եւ հավանաբար առանձին ուշադրություն կդարձնի հայաստանյան քաղբանտարկյալներին:
Ի դեպ, Ալիկ Արզումանյանը նաեւ նշեց, որ իրեն համարում է քաղբանտարկյալ եւ խղճի կալանավոր, եւ նշեց, որ կան այդպիսի տասնյակ կալանավորներ, իսկ հայտարարված համաներումը որեւէ կերպ չնպաստեց երկրում առկա լարվածության մեղմացմանը: «Մենք պահանջում ենք, որ խտրակա մոտեցում չցուցաբերվի, եւ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն»,- նշեց Արզումանյանը:



















