Հոկտեմբերի 10-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտումՙ Հայաստանի եւ Իսպանիայի հավաքականի միջեւ կայացած 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղի ընթացքին հետեւում էր նաեւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ եւ համաշխարհային ֆուտբոլի ազդեցիկ դեմքերից մեկը՝ Անխել Մարիա Վիլյար Լյոնան։ Վիլյարը երբեմն նյարդայնանում էր՝ դժգոհելով դաշտում Եվրոպայի չեմպիոնների գործողություններից։ Այնուամենայնիվ, նա խաղի արդյունքով բավարարված մնաց, չէ որ իր թիմը շարունակում է իր հաղթական երթը եվրոպական մարզադաշտերով։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով՝ հօգուտ իսպանացիների։

Խաղից հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը սիրահոժար համաձայնվեց զրուցել NEWS.am լրատվական գործակալության թղթակցի եւ «Ֆուտբոլ 365» շաբաթաթերթի հետ, պատասխանելով նրանց հարցերին։

Վիլյարը մասնավորապես նշել է հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկու արձանագրությունների ստորագրումը, ասելով, որ հուսով է, որ Հայաստանի համար վերջին զարգացումները նրա ժողովրդի համար, բազմաթիվ ոլորտներում նոր հեռանկարներ կբացվեն։

«Հուսով եմ, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Հայաստանին իր շահաբաժինը կբերի»,-ասել է Վիլյարը։

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցազրույցն ամբողջությամբ մեր էջերում կարող եք կարդալ հոկտեմբերի 14-ին։