Վրացի «օրենքով գողերը» Հունաստանում «սխոդկա» են անցկացրել: Այս մասին «Լենտա»-ին հայտնել է «Փրայմ Քրայմ» գործակալության գլխավոր խմբագիր Վիկտորյա Գեֆտերը:
Նրա տեղեկություններով՝ հավաքի պատճառը 46-ամյա Զվիադ Պապիաշվիլիի ցանկությունն էր՝ իրեն վերադարձնել «օրենքով գող» կոչվելու իրավունքն այն բանից հետո, երբ նրան ծեծել էին Թբիլիսիի թիվ 7 քննչական մեկուսարանում: Հանդիպումը, սակայն, ավարտվել է նրանով, որ Զվիադին հարվածել է 58-ամյա Նիկոլայ Շալիբաշվիլին՝ քրեական շրջանակներում հայտնի է «Կոկա» մականունով: Պապիաշվիլուն, որը կրկին չէր կարողացել հակադարձել մրցակցին, մերժել են գողական կարգավիճակ տալ մինչեւ նոր «սխոդկա»:
Գեֆտերի տեղեկություններով՝ Զվիադն այլեւս գրեթե հնարավորություն չունի հաստատելու իր հեղինակությունը, քանի որ զրկվել է ազդեցիկ «օրենքով գողերի» մեծամասնության աջակցությունից: Մասնավորապես՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Զաքարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ), միջադեպի մասին տեղեկանալով՝ անցել է Կոկայի կողմը եւ ասել, որ «նա առանց պատճառի չէր հարվածի»:




























