Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղից հետո հայտարարել է, որ գոհ է մնացել իր խաղացողների գործողություններից։
«Ինձ ուրախացրեց Հայաստանի հավաքականի խաղը։ Եվ առաջին հերթին այն, որ մեր խաղացողները պահպանեցին խաղի կարգը, ինչը միշտ չէ, որ հատուկ է մեր հավաքականին։ Առաջինից մինչեւ վերջին րոպեն ֆուտբոլիստները կենտրոնացած էին», -ասել է Մինասյանը խաղին հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ։
Մինասյանի խոսքով, Բելգիայի եւ Իսպանիայի հավաքականի հետ վերջին երկու խաղերը հույս են ներշնչել, որ Հայաստանի հավաքականը մրցունակ թիմ է։ Մարզիչն ասել է, որ Իսպանիայի հետ խաղում մեր հավաքականի լավագույն խաղացողը 20-ամյա կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն է եղել, որը 90 րոպե շարունակ պայքարել է միջազգային ֆուտբոլի այնպիսի առաջատարների հետ, ինչպիսիք են Չավի Էրնանդեսը եւ Մարկոս Սեննան։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում հոկտեմբերի 14-ին եզրափակիչ խաղը կանցկացնի Թուրքիայի հավաքականի հետ, թուրքական Բուրսա քաղաքում։
«Թուրքիայի հետ խաղին մենք պատրաստվում ենք հատուկ տրամադրվածությամբ։ Այս սկզբունքային խաղին մոտենալու ենք ավելի մեծ պատասխանատվությամբ, քան Իսպանիայի հետ խաղին»,- ընդգծել է մարզիչը։




























