Էկվադորի Գալապագոսի կղզիների օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել են ճամպրուկ, որը հսկա կրիաների պլաստիկով փաթաթված 185 ձագերով է լցված եղել:

Տեղական իշխանությունները գտածոն անվանել են «հանցագործություն էկվադորցիների վայրի բնության եւ բնական ժառանգության դեմ»:

USA Today-ը, վկայակոչելով Բալտրա կղզում Սեյմուր օդանավակայանի հայտարարությունը, հայտնում է, թե ռենտգենյան նկարում երեւացել է, որ ճամպրուկի հետ ինչ-որ բան այն չէ: Սկզբում աշխատակիցները որոշել են, որ դրանք հուշանվերներ են, բայց հետագա զննումից հետո նրանք գտել են կրիաներին, որոնցից տասը սատկած են եղել, մնացածը հսկողության տակ են: