Թուրքիան Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) բողոք կներկայացնի Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտի դեմ, հայտնում է Middle East Eye-ն:
Թուրքիան պաշտոնապես կազմակերպությանը կներկայացնի իր բողոքը Սաուդյան Արաբիայի գործողությունների դեմ: ԱՀԿ-ի կողմից հրապարակված պաշտոնական օրակարգում նշվում է նաեւ, որ Թուրքիան նախատեսում է այդ հարցը քննարկել Ապրանքային խորհրդի նիստում, որը տեղի կունենա մարտի 31-ից ապրիլի 1-ը: Թուրքիան «Սաուդյան Արաբիայի սահմանափակող քաղաքականության եւ պրակտիկայի» մասին խոսելու թույլտվություն է խնդրել:
ԱՀԿ կանոններին համապատասխան, Թուրքիան կարող է հայց ներկայացնել Սաուդյան Արաբիայի դեմ՝ գրանցված վնասների փոխհատուցում ստանալու համար, եթե կարողանա ապացուցել Սաուդյան Արաբիայի անհիմն մարտավարությունը իր բիզնեսի դեմ:
Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Թուրքիայի պաշտոնական երկկողմ նախաձեռնություններն ու շփումները սաուդյան ղեկավարության հետ արդյունք չեն տվել, քանի որ Էր Ռիադը շարունակում է հերքել որեւէ բոյկոտի առկայությունը:
Թուրքական արտահանողների ասամբլեայի (TIM) հրապարակած տվյալների համաձայն՝ փետրվարին թուրքական արտահանումը Սաուդյան Արաբիա ընկել է 92 տոկոսով՝ տարեկան կտրվածքով 290 միլիոն դոլարից հասնելով 21 միլիոն դոլարի: Հունվարին Թուրքիայի արտահանումը նույնպես տարեկան կտրվածքով ընկել է 92%-ով: Վիճակագրությունը հոկտեմբերից թուրքական արտահանման կայուն դանդաղում է ցույց է տալիս: Արդյունքում 2020 թվականին Թուրքիայի տարեկան արտահանումը Սաուդյան Արաբիա նվազել է 24 տոկոսով՝ 3,1 միլիարդ դոլարից մինչեւ 2,3 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ Էր Ռիադի ու Անկարայի հարաբերությունները հատկապես սրվել են 2018-ի հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո: Այն գաղտնալսման շնորհիվ, որն, ըստ ամենայնի, հյուպատոսարանում տեղադրել են թուրքական հատուկ ծառայությունները, պարզվել է, որ լրագրողը սպանվել ու մասնատվել է: Էր Ռիադը սկզբում հերքում էր, որ սպանությունն ընդհանրապես տեղի է ունեցել, բայց հետո խոստովանել է դա: Անկարան սպանության մեջ մեղադրել է ոչ միայն Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներին, այլ նաեւ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին:




























