Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը հոկտեմբերի 12-ին թուլտվություն է տվել ձերբակալելու «Ալթին» ոսկերչական հոլդինգի տնօրեն Անտոնինա Բաբոսյուկին, ով կասկածվում է մաքսանենգության մեջ։ Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայության ղեկավար Աննա Ուսաչեւան, դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Կասկածյալի պաշտպանները խնդրել են Բաբասյուկին ազատել գրավի դիմաց, որի չափը թողել էին դատարանի հայեցողությանը, սակայն դատարանն անհիմն է համարել նման միջնորդությունը։

Լեֆորտովյան դատարանի վճիռը կարող է բողոքարկվել 3 օրվա ընթացքում Մոսկվայի քաղաքային դատարանում։ Բացի այդ, Լեֆորտովյան դատարանը կվերանայի Պետերբուրգի «Ալթին» ոսկերչական բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Ֆինկովի ձերբակալության հնարավորությունը, ով չճշտված տվյալներով, Բաբոսյուկի ամուսինն է։

Անցած ուրբաթ դատարանը հաստատել է նաեւ մաքսանենգության մեջ կասկածվող երկու անձանց ձերբակալությունը, ովքեր եւս «Ալթին»-ի աշխատակիցներ են։ Մեկը «Ալթինի ոսկիներ» հիպերմարկետի գլխավոր տնօրեն Վալենտինա Շադրինոն է, մյուսը «Տյան Շան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վլադիմիր Սուխովեւը։ РИА «Новости»-ի հաղորդմամբ, Ռուսաստանի Անվտանգության Դաշնայի բյուրոյի հետաքննչական բաժինը գործ է հարուցել ոսկերչական հոլդինգի միանգամից մի քանի աշխատակիցների նկատմամբ, նույն մաքսանենգության հոդվածով։ Օպերատիվ հետախուզական աշխատանքներ են իրականացվել Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Օմսկում գտնվող առեւտրի կենտրոններում ու գրասենյակներում։ Մի շարք խանութներ փակվել են։