Ներկայիս իշխանության դեմ պայքարի հարցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չի քննարկվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Ամեն ինչ հնարավոր է, սակայն այդ հարցը չի քննարկվել: Կա մի որոշում. մեր կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին: Մենք այդ հայտարարությունն արել ենք Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին խոսակցություններից առաջ: Մենք քիչ ժամանակ ունենք»,-հավելեց նա:

Նրա խոսքով՝ հիմքեր չկան արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի հայտարարություններին հավատալու հաար:

«Նա միշտ ստում է: Սակայն եթե ընտրություններ անցկացվեն, մենք կմասնակցենք: Մենք պատրաստվում ենք ընտրությունների 2020 թվականի մայիսի 30-ից, այսինքն՝ «Հայրենիք» կուսակցության ձեւավորման օրվանից»,-նշեց Բաբայանը:

«Հայրենիք» կուսակցությունը ղեկավարում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել է այս տարվա հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերի մասին: ԿԸՀ-ն նման տեղեկություն չունի: