Ինչպես պետք է այս իշխանությունը տնտեսությունը վերականգնի, եթե դրա մասին բացարձակ գաղափար չունի։ Նոմինալ առումով պետությունը կա, բայց գործառույթների իրականացումից հեռու է, պետությունը կարգավորիչ և վերահսկիչ գործառույթներ ունի, որոնցից ոչ մեկի ուղղությամբ գործ չի արվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

2020-ին Հայաստանի տնտեսության 7,6%-ով անկման Համաշխարհային բանկի  ցուցանիշն, ըստ տնտեսագետի, միջինացված է։

«Որոշ ճյուղերի դեռ կանգուն մնալը մասնավոր հատվածի տնտեսվարողների համառության շնորհիվ է, նրանք են ապահովել անկման միանիշ թիվ, բոլոր մյուս ասպարեզներում հիմնականում երկնիշ անկում է», ասել է տնտեսագիտության պրոֆեսորը։

Ինչ վերաբերում է ՀԲ-ի՝ 2021-ի համար կանխատեսած 3,4% տնտեսության վերականգնման ցուցանիշին, Թ․Մանասերյանն այս հարցում երկու խնդիր է առանձնացնում։

«Նախ ինչպես պիտի վերականգնվի տնտեսությունը, եթե դրա վերաբերյալ այս իշխանությունը բացարձակ գաղափար չունի։ Եթե վերականգնողական աճ է, առնվազն երկնիշ թիվ պիտի լինի, որպեսզի հասնենք մինչ ճգնաժամային, և մինչպատերազմական վիճակին։ Այնպես որ, եթե պարզ թվաբանությամբ էլ դիտարկենք, անկման կեսի չափով էլ չի լինելու վերականգնումը», կարծում է Թ․Մանասերյանը։

Մինչդեռ կառավարությունը լավատեսական սպասումներ ունի, էկոնոմիկայի նախարարն անգամ երկնիշ աճի մասին է խոսում։

«Կառավարությունն իր գոյությունն ինչ-որ ձևով արդարացնելու խնդիր ունի, դրա համար ստեր են ասում, մանավանդ այն մարդիկ, որոնք ընդհանրապես պետական ոլորտում աշխատելու փորձ չեն ունեցել»,- շեշտեց տնտեսագետը և տնտեսական բլոկը ղեկավարող պաշտոնյայի վերաբերյալ ասաց․ «Ճիշտ կլիներ, որ նա առաջ գնար այն ոլորտում, որտեղ քիչ թե շատ կայացել էր։ Երբ մարդկանց տանում են իրենց անծանոթ ոլորտներ, իրենք կորցնում են և հեղինակությունը, և իմիջը»։

Տնտեսությունը պատերազմական աղետից հետո վերականգնելու օրինակներից   տնտեսագետը մատնանշում է Գերմանիան, որը համաշխարհային պատերազմում   պարզապես ջախջախվել էր․  «Այդ երկրում միջինը տարեկան 33-35 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։ Այ, դա վերականգնողական տեմպ է»։

Այսօր Կենտրոնական բանկը ևս հաշվետվություն է ներկայացրել, որտեղ փաստում է․

«Հայաստանում շարունակվում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն ու գնաճային սպասումների զգալի ավելացում»։

Տնտեսագետը նկատում է, որ ԿԲ-ն միակ կառույցն է, որ կարողանում է արհեստավարժ մոտեցում ցուցաբերել և անել այն, ինչ իրենից է կախված՝ դրամավարկային քաղաքականության մասով։ Ըստ Թաթուլ Մանասերյանի՝  հանրության շրջանում թյուր կարծիք կա, որ ԿԲ-ն պիտի գնաճը զսպի, գլխավոր դրամատան նպատակը գների կայունությունն ապահովելն է։ Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս զսպել գնաճը, նա ասաց․ «Նախ պետք է ունենանք պետություն և պետության կողմից իրականացվող գործառույթներ։ Նոմինալ առումով պետությունը կա, բայց գործառույթների իրականացումից հեռու է։ Պետությունը կարգավորիչ և վերահսկիչ գործառույթներ ունի, որոնցից ոչ մեկի առումով գործ չի արվում»։

Թ․ Մանասերյանի խոսքով՝  ոչ ԱԺ-ն է կատարում իր կարգավորիչ գործառույթը՝ անհրաժեշտ  օրենքներն ընդունելով, ոչ էլ կառավարությունն է ճիշտ որոշումներ ընդունում։

«Այս պայմաններում անհնար է վերահսկել գնաճը, որովհետև վերահսկող մարմիններն էլ իրենց տեղում չեն։ Խոսքը ՏՄՊՊՀ-ի մասին է, որը պիտի զբաղվի չհիմնավորված գնաճի հարցերով, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ՊԵԿ-ի մասին է։ Թիմային աշխատանք պետք կատարել, ինչն իսպառ բացակայում է։ Այսօր ամեն ինչ իրար է խառնվել, որովհետև տնտեսվարողները միայն առիթից չեն օգտվում, այլ վախ ունեն, որ վաղը չեն կարող ապահովագրված լինել տարբեր վնասներից, ուստի հավելյալ գնաճի տեղ են թողնում, որպեսզի փոխհատուցեն հնարավոր վնասները»,- նշում է նա։

Այս օրերին իշխանությունն ապաշրջափակումը համարում է տնտեսական խնդիրների լուծման լավագույն տարբերակը, Թուրքիայի, Ադրբեջանի հետ առևտրի մասին են պարբերաբար բարձրաձայնում։ Դիտարկմանը, եթե անգամ անվտանգային խնդիրները մի կողմ թողնենք, տնտեսապես ի՞նչ է շահելու Հայաստանի փոքր տնտեսությունը, երբ թուրքական տնտեսությունն առավել զարգացած երկրների տնտեսություններն է կուլ տալիս, տնտեսագետը պատասխանում է․ «Մենք ոչ թե անվտանգության խնդիրներն ենք մի կողմ թողել, այլ նամուսը։ Եթե չկա նամուս, ոսկե սարեր էլ խոստանան, գրոշի արժեք չունի։ Վստահ եմ, որ իշխանություններն արդեն հաշվում են այդ երկրներից եկող փողերը։ Նրանք ունեն անձնական շահագրգռվածություն, առանց դրա չեն կարող այսքան ուրախանալ այդ հանգամանքով։ Բարոյականության խնդիր կա․ մեր զինվորների դիակները դեռ չեն գտնվել, ռազմագերիների հարցը չի հաջողվում լուծել, իսկ մենք այդ երկրների հետ առևտրից ենք խոսում»,- շեշտում է տնտեսագետն ու հիշեցնում, որ այս պահին թուրք-ադրբեջանական տանդեմը վեցշաբաթյա զորավարժանքներ է անում, ինչից հետևություններ պետք է անել․ «Եթե մարդիկ չեն կարող հետևություններ անել, իրենք ոչ մի առնչություն չունեն պրոֆեսիոնալիզմի, ազգայինի հետ։ Չնայած «ազգայինը» նրանց համար խրտնեցնող բառ է»։

Տնտեսագետն ապաշրջափակումը գովերգող իշխանությանը նախ հորդորում է խոսել ներքին կոմունիկացիաներից, երբ Արցախի բնակիչները այսօր չեն կարողանում անգամ գնալ իրենց հարազատների շիրիմներին այցի։ Իսկ մինչ այդ, նա առաջարկում է հիշել, որ Թուրքիան սահմաները միակողմանի է փակել՝ միջազգային երեք կոնվենցիա խախտելով։ «Երկրի խնդիրներից սրանք գաղափար չունեն։ Այսպիսի թեմաների մասին պետք է խոսել նորմալ մարդկանց, ոչ թե սրիկաների հետ»,- եզրափակում է Թ․ Մանասերյանը։