Հայկական ԱԷԿ-ում տեղի է ունեցել կայանի ղեկավարության աշխատանքային հանդիպումը «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերության ներկայացուցիչների հետ` գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն եւ Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտական հետազոտական ինստիտուտը («Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ):
Ատոմակայանից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը վերլուծեցին կայանի արդիականացմանն ուղղված աշխատանքները, որոնք կանցկացվեն Պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) ընթացքում: Կայանը կանգնեցվելու է 141 օրով եւ ՊՆՎ-2021 շրջանակներում կանցկացվեն նախագծի առանցքային միջոցառումները՝ Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումը եւ ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիակնացումը։ Նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ստուգումներ կանցկացնի կայանում եւ որոշում կկայացնի մինչեւ 2026 թվականը Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու լիցենզիա տրամադրելու մասին:
Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ը, որը «Ռոսատոմ» պետկորպորցիայի էլեկտրակաէներգետիկական ստորաբաժանման մաս է: «Այս տարի կայանում անցկացվելու են ԱԷԿ-ի արդիականացման եւ անվտանգության բարձրացման եզրափակիչ աշխատանքները: Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կստանա, իսկ դրա անվտանգությունը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին: Բացի այդ, թրծաթողումից հետո կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, եւ Հայաստանի ԱԷԿ-ը հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո եւս», - ասաց «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը: Ռեակտորի թրծաթողումը կատարում են բոլոր ԱԷԿ-ում, որտեղ երկարաձգվում է էներգաբլոկների շահագործման ժամկետը: Թրծաթողումն իրականացվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի եւ Ֆինլանդիայի ВВЭР-440 տիպի ռեակտորների վրա:





























