Հայաստանում «ռեյտինգային» ընտրակարգը (նախատեսում է պատգամավորի թեկնածուի ընտրություն տարածքային ցուցակներով – խմբ.) միշտ քննադատության է ենթարկվել ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, փորձագիտական շրջանակների կողմից: Այս մասին ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Նրա խոսքով՝ այս ընտրակարգի ներդրման պահից առաջացել է այն փոխելու հանրային պահանջ:
«Ցանկանում եմ ընդգծել, որ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե լայն կոնսենսուս կար ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու հարցի շուրջ: 2018 թվականի ընտրություններում «ռեյտինգային» ընտրակարգից հրաժարվելը ներկայացված էր ներկայիս բոլոր քաղաքական կուսակցությունների ծրագրում»,- ասաց Հովակիմյանը:
Նա նաեւ նշեց, որ այս ընտրակարգից հրաժարվելու պահանջը մշտապես հնչում է հանրային շրջանակների կողմից եւս, եւ այօրվա դրությամբ պատգամավորներն առաջարկում են անել հենց դա:
Դրանից բացի, ներկայացված օրինագծում «ռեյտինգային» ընտրակարգից հրաժարվելուց բացի, կատարվել են կորոնավիրուսի տարածման իրավիճակոփվ պայմանավորված փոփոխություններ:
Խորհրդարանականը նշեց, որ աշխարհի բոլոր երկրները համաճարակի պայմաններում վերանայում են ընտրությունների անցկացման հանդեպ իրենց մոտեցումները եւ կարանտինի պայմաններում միջոցներ են կիրառում ընտրությունների համար:
Պատգամավորը հավելեց, որ իրենք այս օրինագիծը քննարկել են ԿԸՀ-ի, արդարադատության նախարարության, ինչպես նաեւ միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ: Օրինագիծը ուղարկվել է նաեւ Հայաստանի նախագահին:
Հովակիմյանը շեշտեց, որ իշխանությունները պատրաստ են քննարկել ընդդիմության ու նախագահի առաջարկած բոլոր փոփոխություններ:
Ընտրական օրենսգրքում կատարված մնացած բոլոր փոփոխությունները, օրինակ՝ 16 տարին լրացած անձանց քվեարկելու իրավունք տալը եւ դաշինքների համար անցողիկ շեմի փոփոխումը դեպի բարձր նիշ, կքննարկվեն ավելի ուշ, բայց ոչ այսօրվա նիստին:
Այսպիսով, «Իմ քայլը» իշխող դաշինքը, իրենց հավաստիացմամբ, առաջարկում է քվեարկության գործընթացի պարզեցում:
Մեկնաբանելով Հովակիմյանի հայտարարությունը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ 2018-ի ընտրությունների իրենց ծրագրում այդպիսի կետ չի եղել, եւ Հովակիմյանը ստում է՝ պնդելով հակառակը:
Միեւնույն ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, փաստորեն, անտեսել էր խորհրդարանի արտահերթ նիստը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վարչապետն այս հայտարարությամբ հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո: ԿԸՀ-ն իր տրամադրության տակ ընտրությունների օրվա մասին տեղեկություններ չունի:
Միաժամանակ, «Իմ քայլը» իշխող դաշինքը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ: Նախագծով առաջարկվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը (տարածքային ցուցակներով պատգամավորի թեկնածուների ընտրություն) եւ թողնել միայն համամասնական ընտրակարգը: Դրանից բացի, փոփոխություններով առաջարկվում է կուսակցությունների եւ կուսակցական միությունների նոր անցողիկ շեմ սահմանել. կուսակցությունների համար` 4 տոկոս, երկու կուսակցություններից կազմված դաշինքի համար` 8 տոկոս, երեք կուսակցությունների դաշինքի համար` 9 տոկոս, չորս կամ ավելի կուսակցությունների դաշինքների համար` 10 տոկոս:
Փոփոխություններով առաջարկվում է նաեւ վերացնել հետընտրական կոալիցիաների ստեղծմանը մասնակցող կուսակցությունների թվի սահմանափակումն ու երկարացնել կոալիցիա կազմելու համար նախատեսված ժամկետը: Առաջարկվում է նաեւ խորհրդարանում ներկայացված ուժերի քանակը ներկայիս երեքից ավելացնել մինչեւ չորս: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական գրավի չափը նույնպես կնվազեցվի՝ կազմելով 7,5 միլիոն դրամ, իսկ կուսակցությունների դաշինքների համար այն կկրկնապատկվի՝ դառնալով 15 միլիոն դրամ:





























