«Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են եւ սպասում են խորհրդարանների կողմից վավերացման: Այս պայմաններում մարտահրավերը լինելու է Թուրքիայի խորհրդարանում եւ կարելի է ակնկալել, որ Թուրքիան կհետաձգի վավերացումը մինչեւ եկող տարվա սկիզբ, որովհետեւ եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները, դրանից հետո սահմաները 2 ամսում պետք է բացվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն ու հավելեց, որ Թուրքիան կձգձգի արձանագրությունների վավերացումը, որպեսզի դրանով մեծացնի իր ուժն ու ազդեցությունը գործընթացների վրա:
«Թուրքիան երջանիկ է, որ այս գործընթացի արդյունքում Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ խզում է առաջացել, ինչպես նաեւ հակասություններ են առաջ եկել Հայաստանի ներսում: Սա թուլացրել է Հայաստանին»,- ասաց Ռ. Կիրակոսյանը:
Այնուհետեւ, անդրադառնալով Ցյուրիխում տեղի ունեցածին, նա կարծիք հայտնեց, որ ստորագրումը մի քանի ժամով հետաձգելը բացահայտեց Թուրքիայի մտադրությունները` ամեն առիթ օգտագործել Հայաստանի հետ խաղալու եւ զիջումներ կորզելու համար: «Թուրքիայի այս ռազմավարությունը թեսթ էր Հայաստանի համար: Նրանք ուզում էին տեսնել, թե ինչ պատասխան կտա Հայաստանը: Հայաստանը հանձնեց այդ թեստը: Բայց դա նաեւ թեսթ էր միջազգային հանրության համար, տեսնելու, թե Եվրոպան ինչպես կարձագանքի: Թուրքիայի այս թեսթը ձախողվեց, որովհետեւ Հայաստանն ասաց, որ կվերադառնա Երեւան եւ չի ստորագրի արձանագրությունները»,- նշեց ՌԱՀՀԿ ղեկավարը:




























