Հաքերների միջազգային խումբը հարձակում է գործել Ֆլորիդայի դպրոցական շրջանում եւ այժմ պահանջում է 40 միլիոն դոլարի փրկագին՝ աշակերտների եւ ուսուցիչների անձնական տվյալների բացահայտումը դադարեցնելու համար, հայտնում է New York Post-ը:
Conti հաքերները արդեն երկու շաբաթ բանակցություններ են վարում Բրովարդի շրջանի պետական դպրոցների ներկայացուցչի հետ՝ աշակերտների եւ ուսուցիչների անձնական տվյալների դիմաց գումար ստանալու համար: Կիբեռհարձակման պատճառով շրջանի համակարգիչները ժամանակավորապես անջատելուց 5 օր անց հաքերները հայտնել են, որ իրենց մոտ աշակերտների եւ ուսուցիչների անձնական տվյալներ կան: «Վատ նորությունն այն է, որ մենք կոտրել ենք ձեր ցանցը, կոդավորել ձեր սերվերները եւ ներբեռնել ենք ավելի քան 1 տերաբայթ ձեր անձնական տվյալները»,- գրել է հաքերը դպրոցների շրջանային ներկայացուցչին՝ հավելելով, որ տվյալները հնարավոր է վերադարձնել 40 միլիոն դոլարով: Հաքերը նաեւ ասել է, որ շրջանի եկամուտները գերազանցում են 4 միլիարդը: «Այսինք, դա ձեզ համար ընդունելի գումար է»,- գրել է նա: Դրանից հետո նա փրկագնի գումարը իջեցրել է 15 միլիոն դոլարի, եթե նրանք համաձայնեն իրեն բիթքոյնով վճարել, ինչին դպրոցների ներկայացուցիչը պատասխանել է, որ իրենք բիթքոին չունեն:
Ի վերջո հաքերները փրկագինն իջեցրել են մինչեւ 10 միլիոն դոլարի, բայց ներկայացուցիչը դեռ չի համաձայնել այդ գումարին՝ հայտարարելով, որ կարող է 500 000 դոլար վճարել:
«Հետաքննության այս փուլում մեզ հայտնի չեն ուսանողների կամ աշխատակիցների որեւէ անձնական տվյալներ, որոնք հայտնվել են այս միջադեպի արդյունքում»,- ասվում է շրջանային իշխանությունների հայտարարության մեջ` հավելելով, որ համակարգերը վերականգնելու ջանքերը «լավ են ընթանում»: Իշխանությունները չեն պատասխանել այն հարցին, թե ինչու է ընտրվել 500 000 դոլարի չափը, բայց դա առավելագույն գումարն է, որը Բրովարդի հանրային դպրոցները կարող են վճարել առանց հանրային ժողովում դպրոցական խորհրդի հաստատման: Կիբեռանվտանգության փորձագետը նշել է, որ Conti խումբը առաջին անգամ հայտնվել է անցյալ տարվա վերջին եւ կապված է եղել վերջին հինգ ամիսների գրեթե 300 կիբեռհարձակումների հետ՝ տեղական ինքնակառավարման մարմինների, հիվանդանոցների եւ դպրոցական շրջանների դեմ:




























